Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․
Երեւանի քաղաքապետի ընտրություններին դեռ մեկ տարի կա, սակայն Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում։ Եթե մինչ այս հանդիպում էր հասարակական տարբեր խմբերի հետ, արվեստագետներին պարգեւներ հանձնում, հիմա մտել է օրենսդրական դաշտ եւ փորձում է լիարժեք օգտագործել «Սուրմալուի» թեման:
«Հրապարակ» թերթը գրում է․
Նախօրեի գիշերը Արարատի մարզի Վեդի համայնքի կայարանում թուրքերեն խոսող մի քանի տղամարդ հայկական կոնյակով խրախճանք են կազմակերպել, խմել, ռեպլիկներ նետել հայերի հասցեին՝ գրավելով Վեդու բնակիչների ուշադրությունը: Կարճ ժամանակ անց մոտ 2-3 հարյուր մարդ է հավաքվել տեղում, «տուրիստները» փորձել են ծածանել նաեւ Թուրքիայի դրոշը, ինչից հավաքվածները վրդովվել են, քաշքշուկ է սկսվել։ Բերման են ենթարկել թուրքերեն խոսող տղամարդուն ու կնոջը։
Ավելի ուշ քննչականից հայտնեցին, որ բերման ենթարկվածներն ամուսիններ են` Թուրքիայի քաղաքացիներ, թե ինչպես են հայտնվել Վեդիում եւ ինչ են ցանկացել անել, կատարվածի հանգամանքներն իրավապահները պարզում են։
«Հրապարակ» թերթը գրում է․
Սեպտեմբերի 12-ին կմեկնարկեն ԱԺ աշնանային նստաշրջանի աշխատանքները։ Կվերադառնա՞ ընդդիմությունն ԱԺ, թե՞ ոչ՝ հարցի պատասխանը, ինչպես ընդդիմադիր պատգամավորներն են կատակում, խիստ հարաբերական է։ «Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական պատգամավորները, ըստ ամենայնի, առաջիկայում կհայտարարեն, որ շարունակելու են միջազգային պատվիրակությունների հետ խորհրդարանական գործունեությունն ու համագործակցությունը, այսինքն՝ եթե խորհրդարանում որեւէ պետությունից պատվիրակություն հյուրընկալվի եւ ցանկություն հայտնի ընդդիմադիրների հետ հանդիպել, իրենք անպայման կգնան խորհրդարան։
«Հրապարակ» թերթը գրում է․
Կառավարությանն առընթեր տեսչական մարմինների ղեկավարները գտնվում են Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Ամիսներ շարունակ տեսչականի ղեկավարների դեմ դոսյեներ են հավաքում, քանզի մեծ մասը ՔՊ-ականներ չեն, եւ նրանց աշխատանքից դժգոհություններ կան։ Ասում են, որ առաջիկայում սպասվում է ոմանց պաշտոնանկությունը, այդ թվում՝ 2019-ից վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
2018 թվականի մարտի 16-ին Երեւանի ավագանու «Ելք» դաշինքից ավագանու անդամ (այսօրվա վարչապետի աշխատակազմի ղեկավար) Արայիկ Հարությունյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը դատի էին տվել «Երեւան» հիմնադրամին եւ Պետեկամուտների կոմիտեին: Դատական կարգով նրանք պահանջում են տրամադրել տվյալներ, թե վերջին երկու տարիների ընթացքում ովքեր են 100 հազար դրամ եւ ավելի գումար անանուն փոխանցել «Երեւան» հիմնադրամին: Քանի որ հիմնադրամը դա համարել էր անձնական տվյալ, ավագանու անդամն ու պատգամավորը որոշել էին հարցը կարգավորել դատական եղանակով՝ պարտադրելով հրապարակել նվիրատուների ցանկը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ ակադեմիական քաղաք ստեղծելու ու բուհերը երեւանին կպած Աշտարակ քաղաք տեղափոխելու հայտարարությունն իրականում ալեկոծել է բարձրագույն ուսումնական հաստատությունների մի շարք ղեկավարների հոգիները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ որոշ բուհերի ռեկտորներ անհանգստացած են, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, որովհետեւ թվով 8 պետական բուհ թողնելը նշանակում է՝ մի շարք հաստատություներ օպտիմալացվելու ու միավորվելու են:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Վահրամ Դումանյանի մամուլի քարտուղարին՝ տեղեկանալու, թե նման քննարկում կա արդյոք նախարարությունում, ինչին ի պատասխան՝ Գեղամ Մելիքբեկյանն ասաց. «ԿԳՄՍՆ ոլորտներին առնչվող ցանկացած հարց քննարկվում է ոչ միայն գերատեսչության ներսում, այլեւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Երբ կայացվում է որոշում, այդ մասին կատարվում է համապատասխան իրազեկում»:
ԿԳՄՍ-ն փաստացի չհերքեց հանգամանքը, որ նախարարության ներսում նման քննարկում եղել է կամ կա: Մնում է պատկերացնել, թե Աշտարակի մանկավարժական համալսարանի կրթական որակն ու ներգրավվածությունը ապագայում ինչպիսին կլինի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե որ դատավորի թեթեւ ձեռքով գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կալանավորվեց: Այդ դատավորը Երեւան քաղաքի դատավոր Տաթեւիկ Մուրադյանն է, որը 2021 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վերջինս դատական համակարգում նոր դեմք է եւ համարվում է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի կադրերից մեկը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Իր վարչապետության չորս տարիներին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեղական մակարդակում է մանիպուլացրել հասարակությանը, այլ նաեւ ասել ստեր, որոնք հերքվել են, օրինակ, ՌԴ-ի կողմից։
Մասնավորապես, 2020 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազատություն ռադիոկայանի եթերում ասել էր, թե Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ են մնացել նաեւ ռուս խաղաղապահները:
ՌԴ ՊՆ-ն, սակայն, հերքել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը եւ ասել՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ չեն մնացել շրջափակման մեջ։