Հրազդանցի դպրոցականների կյանքին վտանգ չի սպառնում

Հրազդանցի դպրոցականների կյանքին վտանգ չի սպառնում

Այս պահի դրությամբ երեխաներից 4-ը դուրս է գրվել հիվանդանոցից, 8-ի վիճակը գնահատվում է բավարար, նրանք բուժօգնություն են ստանում, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ինգա Հայրիյանը։

«Երեխաները Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխվել են սրտխառնոց, գլխապտույտ  ախտանշաններով, լուրջ խնդիր որևէ մեկի մոտ չկա»,-ասաց Հայրիյանը։

Այսօր ժամը 11-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ   թիվ 11 հիմնական դպրոցում մի քանի աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, 12 աշակերտներ՝ 9-14  տարեկան տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի առիթով՝ ոստիկանությունը քննություն է իրականացնում, բժշկական կենտրոնն ահազանգել է Առողջապահության նախարարություն, Հրազդանի ոստիկանություն, ԱԻՆ։

Նախնական տվյալներով աշակերտներից մեկը անհայտ ծագման գազ է օգտագործել։ Ինգա Հայրիյանի խոսքով՝ ենթադրվում է, որ գազի բալոն է եղել, որի օգտագործումը վնաս է հասցրել մյուս աշակերտներին, սակայն ոստիկանությունը դեռևս ճշտում է գործի հանգամանքները։

Շուշանիկ Միսկարյան