Պետրոս Պետրոսյանը՝ դատախազությունից ազատման, մամուլի հրապարակումների և ՔԿ տեղափոխվելու մասին

Պետրոս Պետրոսյանը՝ դատախազությունից ազատման, մամուլի հրապարակումների և ՔԿ տեղափոխվելու մասին

Հունվարի 5-ին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ: 

Պետրոսյանը, հիշեցնենք, մինչ այդ աշխատում էր դատախազությունում՝ Կոտայքի մարզի դատախազն էր, նաև Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազներից է եղել, և դատախազությունից ազատվել 2023 թվականի հունիսի 6-ին՝ իրեն Կոտայքի մարզի դատախազի պաշտոնից առանց իրեն տեղեկացնելու ազատելու և հունիսի 5-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ նշանակվեկուց մեկ օր հետո։ 

Ընդամենը մեկ օր մնալով այդ պաշտոնին՝ Պետրոսյանը ինքնակամ դիմում է գրել ու ազատվել դատախազությունում զբաղեցրած պաշտոնից։ Այդ օրերին մամուլում գրվեց, որ Պետրոսյանը ազատման դիմում գրել է հենց այդ պատճառով, որ դատախազ Աննա Վարդապետյանն առանց իր կարծիքը հաշվի առնելու պաշտոնի իջեցում է արել իր համար՝ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնից ազատելով և նշանակելով «ինչ-որ վարչության պետի տեղակալի» պաշտոնում։ Իսկ դրա պատճառն էլ դատախազ Աննա Վարդապետյանի հետ ունեցած ոչ բարիդրացիական, եթե չասենք՝ լարված հարաբերություններն էին, ինչն ուղեկցվել է Վարդապետյանի հրահանգով մի շարք դատախազների, այդ թվում՝ Պետրոս Պետրոսյանին գաղտնալսելու, ԱԱԾ-ի միջոցով նրանց ճնշելու դրվագների հետ։ 

Նույն օրերին Պետրոսյանի հետ դիմում գրել ու ազատվել էր նաև գլխավոր դատախազի տեղակալ, դարձյալ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը։ Պատճառը նույնն էր՝ դատախազությունում տիրող անառողջ մթնոլորտը, դատախազ Աննա Վարդապետյանի՝ մի շարք դատախազների նկատմամբ ցուցաբերած անհասկանալի ամբիցիաներն ու լարված հարաբերությունները։ 

Այժմ նրանք երկուսն էլ հանգրվանել են Քննչական կոմիտեում՝ դատախազության և անձամբ դատախազ Աննա Վարդապետյանի «կոնկուրենտ կառույցի» ղեկավարի մոտ։

MediaHub-ը զրուցել է Քննչական կոմիտե տեղափոխված երկու նախկին դատախազների հետ, որոնցից Գևորգ Բաղդասարյանի հետ զրույցը կներկայացնենք առանձին, քանզի նա ավելի ծավալուն հարցազրույց տվեց, քան Պետրոս Պետրոսյանը։

Վերջինս նախընտրեց կարճ պատասխանել մեր հարցերին, թե ինչպես ստացվեց, որ տեղափոխվեց Քննչական կոմիտե և ինչու վեց ամիս առաջ ազատվեց դատախազությունում զբաղեցրած պաշտոնից՝ չցանկանալով մտնել մանրամասնությունների մեջ։

«Մրցույթ հայտարարվեց, դիմել եմ, մրցույթին մասնակցել եմ, նշանակվել»,- կարճ ասաց Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է դատախազությունից դուրս գալուն, Պետրոսյանն ասաց․ 
«Որոշել եմ դատախազությունում ծառայությունս դադարեցնել՝ այլևս նպատակահարմար չեմ համարել իմ հետագա ծառայությունը ՀՀ դատախազությունում․․․ Ինձ տեղափոխել են գլխավոր դատախազություն, դրանից հետո իմ դիմումի համաձայն ազատվել եմ»։ Ըստ էության՝ անուղղակի կերպով հաստատեց տեղեկությունը, որ վերջնական առիթը եղել է իրեն մարզի դատախազի պաշտոնից ազատելն ու այլ՝ ավելի ցածր պաշտոնի նշանակելը, որի մասին ինքը տեղեկացել է նշանակումից հետո միայն։ 

Մամուլում հայտնված այլ տեղեկությունների մասով էլ՝ կապված իրենց գաղտնալսելու, դատախազի հետ լարված հարաբերությունների, ԱԱԾ-ի միջոցով դատախազներին ճնշելու և այլն, Պետրոսյանը չցանկացավ ծավալվել, միայն ասաց․ «Չէ, չէ, էդ ամեն ինչի մասին, ինչ եղել է, ես դրանք չեմ կարող պաշտոնապես հաստատել, էդ տեղեկություններից տեղյակ չեմ, իսկ իմ ազատվելը էդ բոլոր հրապարակումների հետ կապ չունի»։

Գևորգ Բաղդասարյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։

Վահե Մակարյան