Պատերազմական վիճակում ենք, երկիրը գլոբալ անվտանգային խնդիրների մեջ է․ ԱԱԾ նախկին տնօրեն
Փաստացի մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, երկիրն ունի գլոբալ անվտանգային խնդիրներ, որոնք հաղթահարելու միակ ճիշտ ուղին, դեղամիջոցը հանդիսանում է համախմբումը․ MediaHub-ի հաղորդմամբ՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնության կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը:
«Բանակի ղեկավարումից, զինվորական ոլորտից, անվտանգության ծառայությունից հեռացվում են այդ գործի գիտակ մարդիկ, նույնը կարող եմ ասել ոստիկանության մասին, ինչը մեզանում լրջագույն խնդիր է»,-ասաց Համբարձումյանը։
Անդրադառնալով Խաչատուրովի բանտում գտնվելու հանգամանքին՝ վերջինս նշեց, որ կալանավորված գեներալ-մայորի արարքում հասարակական վտանգավորություն չկա։
«Կալանք է կիրառվել, քանի որ դատարանը ողջամիտ կասկած է ունեցել այն մասով, որ կարող է ազդեցություն ունենալ դատավարության մասնակիցների նկատմամբ։ Ընդ որում, կալանքը կիրառվել է նախաքննության ավարտական փուլում, այդպես չի լինում։ Փոխանակ երկիրը գնա համախմբման ճանապարհով, հակառակ ուղղությամբ է գնում։ Ուկրաինայում ու Ռուսաստանում մարդիկ երկիրը պաշտպանելու համար նույնիսկ կալանավորված, քրեական հանցագործություններ արած անձանց ազատում են, զենք են տալիս, որ գնա երկիրը պաշտպանի։ Մեզ մոտ երկրի ղեկավարումից, զինվորական կյանքից հեռու են պահում այն անձանց ովքեր ունակ են բեկում մտցնելու»,-նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում