Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (23.01.2024)

1.  Ռուսաստանի փոխվարչապետ, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացման եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Բաքու։ Օվերչուկը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, փոխանցում է Ալիևի գրասենյակը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Օվերչուկն ու Ալիևն ընդգծել են, որ 2023 թվականը տնտեսական համագործակցության առումով օգտակար է եղել Մոսկվայի և Բաքվի համար։ 
2.  ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացման հարցը ընդգրկվել է Թուրքիայի խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում։ TRT Haber հեռուստաալիքի հաղորդման համաձայն, ակնկալվում է, որ հարցի քննարկումն ու քվեարկությունը տեղի կունենա նույն օրը: Հիշեցնենք, որ անցած դեկտեմբերի 26-ին Արտաքին հարցերով հանձնաժողովը հավանություն էր տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացմանը։
3.  Ֆրանսիական ֆերմերներն այս գիշեր արգելափակել են հաղորդակցությունը Բորդո և Ագեն քաղաքների միջև՝ երկաթուղային գծերի վրա թափելով պարարտանյութի և աղբի կույտեր: 
4.  Եմենի հութիները Արաբական ծովի Ադենի ծոցում հարձակվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի բեռնատար նավի վրա։ Այս մասին հայտարարել է ապստամբների խոսնակ Յահյա Սարիան։ Հաղորդվում է, որ հարձակումն իրականացվել է հրթիռների կիրառմամբ։