Հարազատի շիրիմը՝ գերի, ճանապարհը՝ փակ ու մահացու վտանգավոր․ մի ընտանիքի պատմություն 

Հարազատի շիրիմը՝ գերի, ճանապարհը՝ փակ ու մահացու վտանգավոր․ մի ընտանիքի պատմություն 

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարինե Սառաջյանը MediaHub-ի հետ զրույցում հաճախ է մտքի թռիչքով հասնում ծննդավայր` Արցախ, մտորում, ափսոսում, հետո ինքն իրեն սփոփում: Ասում է. «Արցախի կորստից հետո Հայաստանը պիտի փայփայենք»:

Սեպտեմբերի 19-ին նա Արցախի պետական համալսարանի «Լրագրություն» 4-րդ կուրսի իր ուսանողների հետ միջոցառման էր, դասախոսների և հյուրերի հետ հավաքվել էին դահլիճում։ Ու հանկարծ. «Միջոցառման բացման խոսքի ժամանակ դահլիճից շատ մոտ բարձր ձայներ լսեցինք։ Սկզբից մտածեցինք, որ շինարարություն է, բայց գնալով սաստկանում էին պայթյունի ձայները, չանցած րոպե՝ միացավ համալսարանի տագնապի ազդանշանը, և բոլորս հասկացանք, որ սկսվել է պատերազմը․․․իջանք համալսարանի ապաստարանը, որտեղից էլ սկսվեց այն, ինչը բառերով հնարավոր չէ նկարագրել»։ 

Զարինե Սառաջյանի ամուսինը ՊԲ երկարամյա ծառայող է, սպա, այդ ժամանակ ամենավտանգավոր կետերից մեկում էր, դպրոցահասակ տղան՝ Նարեկը, մորից հեռու, աղջիկը համալսարանում էր, քանի որ ուսանող է, դասի էր այդ պահին։ 

«Հենց առաջին պայթյունի ձայնը լսելուն պես սկսեցի անընդհատ զանգել տղայիս, բայց ապարդյուն, կապ չկար։ Անորոշություն։ Անընդհատ համալսարանի ապաստարան պատսպարվելու էին գալիս հարակից շենքերի բնակիչները, ամեն եկողի հետ սարսափելի լուրեր էին տարածվում՝ այսինչ շենքը հրետակոծվեց, այսինչ փողոցում երեխա զոհվեց, այսինչ զորամասը հողին հավասարվեց․․․ այդ պահին ծնողներից հեռու ուսանողների լացն ու սարսափահար վիճակը․․․ հուսահատված, որ տղայիս չեմ կարողանում գտնել, ամուսնուցս լուր չունեմ, ապաստարանում ծնկաչոք աղոթում էի, որ Աստծո հրաշքով նորից հավաքվենք միասին մեր ընտանիքի անդամներով»,- հիշում է նա։

Զարինեն, տեսնելով ուսանողներին, իր մեջ ուժ էր գտնում, ինքն իրեն սաստում․ «Իրավունք չունեմ թուլանալու: Եվ մոտենում էի այն ուսանողուհիներին, որոնք շատ ծանր հոգեբանական վիճակում էին, գրկում, սփոփում, հուսադրում, այնինչ այդ պահին ինքս ևս սարսափելի վիճակում էի»։

«Մինչև հիմա մեր ուսանողուհի Աշխենի սթափեցնող ու պարտավորեցնող ձայնը ականջներումս է․ «Ընկե՛ր Սառաջյան, գրկիր ինձ, հաշվեմ, թե մամաս ես, մամայիս եմ ուզում․․․»»,- այդ տագնապալի օրերն ամեն անգամ վերհիշելիս արցունքներ են առաջ գալիս կնոջ աչքերին։ 

Հավաքում է իրեն, շարունակում. «Կեսօրվա կողմ շտաբից մի կին մտավ, թե պայմանական հրադադար են տվել, ով տեղ ունի գնալու, գնացեք, չեն կրակելու։ Բայց սուտ դուրս եկավ, ոչ մի հրադադար էլ չտվին։ Ես էլ չէի կարող նստել ապաստարանում՝ չիմանալով երեխայիս տեղը։ Աղջկաս ասացի՝ դու չափահաս ես, 18 տարեկան, գլուխդ պահիր, մեծամասնության հետ կլինես, ես գնամ Նարեկին գտնելու։ Հրետակոծության ձայներից խլանալ կարելի էր, այնքան մոտ էին պայթյուններն ու տեսանելի, քաղաքը ծխի մեջ էր, մտածեցի, որ եթե անգամ զոհվելու էլ լինեմ, պիտի ապաստարանից դուրս գամ և գնամ Նարեկիս գտնեմ։ Մեր բնակելի շենքը ապաստարան չուներ։

Գնացի կողքի շենքերի նկուղներում փնտրելու երեխայիս։ Պարզվեց, որ, տանը մենակ մնալով, հրետակոծության ձայներից դուրս է եկել, հարևանների հետ գնացել հարևան շենքի նկուղներից մեկում պատսպարվել։ Առաջին ուրախությունս այդտեղ էր, որ երեխայիս ողջ ու առողջ գտա։ Աստծուն փառք եմ տալիս»,-ասում է երիտասարդ մայրը։ 

Կյանքը տեղափոխվել էր նկուղներ, ամբողջ գիշեր կրակը չէր դադարում։ Զարինե Սառաջյանն ասում է, որ արդեն ԱԹՍ-ի ձայնից հասկանում էին, որ այն պտտվում է իրենց գլխավերևում և ամեն վայրկյան մտածում էին, որ սա վերջն է արդեն. «Մանկահասակ երեխաներ, փոքրիկներին գրկած մայրեր, տարեց կանայք․․․բոլորս մի փոքրիկ նկուղում, լացն ու աղոթքը իրար էին խառնվել։ Գնալով հրետակոծության ոճը փոխվում էր։ Ես, անտեղյակ լինելով ռազմական գործից, հասկանում էի, որ թշնամին մեզ արդեն շատ է մոտեցել, որովհետև ծանր հրետանին արդեն լռել էր, և ավտոմատի կռիվ էր գնում, ավտոմատի կրակահերթերի ձայնը հետզհետե մոտենում էր մեր շենքին։ Այսինքն՝ հասել էին քաղաքին, ինչը նշանակում է, որ եթե շարունակվեր, պետք է սպասեինք վատթարագույնին՝ ֆիզիկական բնաջնջման»։

Որդուն հարևան շենքի նկուղում հանդիպելուց հետո օրհնություն է համարում ամուսնու՝ զինվորական Ռուսլան Սարգսյանի տուն հասնելը, նախախնամությամբ՝ իր ծննդյան օրը։

«Միշտ ասում ենք՝ վերածնվել է, որովհետև շատ ծանր իրավիճակից հրաշքով դուրս են եկել տարածքին քաջատեղյակ լինելու շնորհիվ։ Մի հրաշքի էլ էինք սպասում, ցավոք, դա չիրականացավ։ Հույս ունեինք, որ իրավիճակը կհանդարտվի, մենք կշարունակենք նորից Արցախում ապրել մեր բնականոն կյանքով։ Այս անգամ ուրիշ էր, ու ողբերգական ավարտ ունեցավ մեկօրյա պատերազմը»,- ափսոսում է նա։ Ողբերգությունը հետո էր, երբ հաշված ժամերի ընթացքում պիտի հրաժեշտ տային Արցախին, տուն ու տեղին, հարազատ վայրերին։

«Բռնի տեղահանվելը, գաղթի ճանապարհը բռնելը երևի ամենասարսափելի անեծքն է։ Արցախից, որպես սուրբ նշխար, ինձ հետ վերցրի մի բուռ հող, իսկ իմ գրապահարանից՝ Գրիգոր Նարեկացու «Նարեկ» աղոթագիրքը և Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք»-ը՝ հավատալով, որ այդ սուրբ նշխարները ուժ կհաղորդեն և կօգնեն ինձ սպասվող կյանքի անորոշություններն ու դժվարությունները հաղթահարելու ճանապարհին։ Հողը՝ հայրենի հողի զորությամբ, «Նարեկ»-ը՝ Աստվածային, իսկ «Ինձ բացակա չդնեք»-ը՝ սահյանական այն իմաստնությամբ, որ տառապանքն էլ մարդու համար է, որից մարդն իմաստնանում է, ամենակարևորը հավատով ու ուղերձով՝ «Մեզ բացակա չդնեք Արցախում, մենք վերադառնալու ենք»»,- հոգու խորքում հավատ է փայփայում մեր զրուցակիցը։ 

Դեպի մայր Հայաստան բերող ճանապարհը Զարինեի ընտանիքի համար տևեց 36 ժամ։ Ասում է` դժոխքի ճանապարհ էր, որտեղ սարսափելի իրողությունների միջով անցանք։ 

«Դժբախտ պատահարի հետևանքով կորցրինք մեր լավ բարեկամներից մեկին՝ երիտասարդ, երեք փոքրիկների մայր Կարինեին, լույսերի մեջ լինի հոգին, այնքան անելիք ու ապրելու օրեր ուներ։ Հակարիի կամուրջը կյանքի և մահվան սահմանագիծն էր։ Անցնելով կամուրջը՝ խոր շունչ քաշեցինք՝ առաջին անգամ լիարժեք շնչելով, որ փրկվեցինք։ Կամուրջից այսկողմ մեզ դիմավորեցին մեր կամավորները։ Ամիսներ շարունակ սովի ու զրկանքների մեջ, երբ քաղցրավենիք, միրգ, պանիր ու երշիկ միայն երազում կարող էինք տեսնել, ու հանկարծ մեզ մեր կամավորները դիմավորում են տարատեսակ ուտելիքների հյուրասիրությամբ, հուզմունքից ես միայն լացում էի, չէի կարողանում խոսել՝ մարդկային նման ջերմ վերաբերմունքի արժանանալու համար։ Մինչդեռ մի քանի մետր հետ՝ զինված ադրբեջանցիները մեզ այնպիսի հայացքով էին նայում, ասես՝ պատրաստ են ոչնչացնելու»,-հիշում է արցախցի կինը։ 

Ավելացնում է, որ ոչ ոք չի կարող պատկերացնել այդ ապրումները, բացի նրանցից, ովքեր անցել են այդ ամենի միջով, որովհետև այն, ինչ զգացել են արցախցիները, հնարավոր չէ բառերով նկարագրել ու փոխանցել, ու չի էլ ցանկանում, որ Հայաստանի իր հայրենակիցները երբևէ զգան այդ ցավը։ 

«Եվ որքան էլ կարոտից տանջվեմ, որքան էլ Արցախ վերադառնալու ցանկությունս անհաղթահարելի մեծ լինի, երբ հիշում եմ այդ օրերը, չեմ պատկերացնում ադրբեջանցիների հետ համակեցություն։ Կվերադառնամ Արցախ, եթե նորից ամեն ինչ առաջվանը լինի, Արցախը հայկական լինի ու հայեցի։ Յաթաղանի տակ ո՞նց երեխա պահես, մեծացնես, չգիտեմ ես»։ 

Հունվարի 3-ին Զարինեի հոր մահվան տարելիցն էր։ Ամեն տարի ընտանիքը գնում ծաղիկ էին խոնարհում ու խնկարկում գերեզմանը։ «Այս տարի չգիտեի, թե ուր գնամ, ինչ անեմ․․․ցավը ահավոր է, մարդ չկարողանա իր հոգու պարտքը տա, չիմանա որտեղ ծաղիկ խոնարհի։ Հարազատի շիրիմը գերի, ճանապարհը՝ փակ ու մահացու վտանգավոր»,- վշտանում է Զարինեն։ 

Հայաստանը հայրենիք համարելով, սակայն, Արցախի հանդեպ կարոտը խեղդելու աստիճան է զգում. «Մենք հիմա էլ մեր հայրենիքում ենք, բայց դժվար է, որքան էլ հարազատ։ Ամեն ինչի մեջ Արցախ եմ տեսնում, փողոցները նմանեցնում Ստեփանակերտին, Արցախի բարբառով խոսող մարդ տեսնելիս կանգնում, հետը զրուցում՝ անգամ չճանաչելով։ Հայաստանում մեզ դիմավորեցին շատ լավ, առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որոնք մեզ ընդունեցին հարազատի պես, աջակցեցին, թեկուզ ժպտացին ու բարի, սփոփող խոսք ուղղեցին մեզ․․․Աղոթքներումս միշտ խնդրում եմ կորցրածի վերագտնում, եղածի պահպանում։ Հայաստանի Հանրապետությունը պիտի փայփայենք, մեր բոլորիս հայրենիքն է, փորձենք նպաստել մեր հայրենիքի հզորացմանը, որպեսզի այլևս չկորցնենք ու բավ է կորցնել, սկսենք վերագտնել, ստեղծել։ Հավատում եմ նաև, որ Արցախում կրկին հայերեն կբացվեն արշալույսները, հայ աղոթք կհնչի Գանձասարում, Մաշտոցի գիրը կրկին կծաղկի Արցախի դպրոցներում։ Այս հավատն է ինձ հիմա ապրեցնում, հավատում եմ, որ ես իմ գրապահարանում կրկին իրենց տեղերում կդնեմ Աստվածային «Նարեկ»-ն ու «Ինձ բացակա չդնեք»-ը»։

Զարինեն այժմ իր համեստ աշխատանքը շարունակում է Երևանի պետական համալսարանում, որն այս օրերին օգնում է, ինչպես ինքն է ասում՝ « կյանքին կրկին ասել «այո՛»»։ Դուստրը՝ Նանեն, իր ուսումը շարունակում է Երևանի պետական համալսարանում, Նարեկը՝ դպրոցում։ 

«Փորձում ենք կորստի ցավից սեղմվող բռունցքը դարձնել արարող ձեռք, աշխատող միտք, կամեցող սիրտ և գնալ կյանքին ընդառաջ, շարժվել հանուն ապրելու, որքան էլ ծանր ու դժվար լինի։ Այդքան թանկ կորուստները նաև հանուն ապրելու էր, ինչպես Սահյանն է ասում՝ «Կյանքն ապրվի պիտի, ուրիշ հնար չկա, պատը շարվի պիտի, ուրիշ հնար չկա․․․»»,-եզրափակեց Զարինե Սառաջյանը։

Հունան Թադևոսյան