Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում․ ինչո՞ւ են կտրուկ աճել վաճառքի և վարձակալության գները

Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում․ ինչո՞ւ են կտրուկ աճել վաճառքի և վարձակալության գները

Երևանում անշարժ գույքի շուկայում վաճառքի և վարձակալության գները կտրուկ աճել են։ Ընդ որում, բնակարանների գները բարձրացել են ոչ այնքան առաջնային շուկայում, որքան՝ երկրորդային։

MediaHub.am-ի հետ զրույցում միջնորդներից մեկը նշեց, որ շուկայում գնի նման կտրուկ բարձրացումը կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մեծ թվով քաղաքացիների Հայաստան ժամանելով։ Նման իրավիճակ էր ստեղծվել նաև 2020թ-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրան հաջորդող ամիսներին, երբ Երևան էին տեղափոխվել մեծ թվով արցախցիներ և գործակալություններն ու անհատները, օգտվելով առաջարկի հանդեպ պահանջարկի գերակայության փաստից՝ բնակարանների գները կտրուկ բարձրացրել էին։

Երևանում վարձով բնակվող մի շարք ուսանողներ այս պահին խնդրի առաջ են կանգնել։ Մեզ հետ զրույցում 19-ամյա Լուսինեն, ով ԵՊՀ 2-րդ կուրսի ուսանողուհի է, նշեց, որ անգամ այն բնակարանատերերը, որոնց բնակարանը վարձակալված է վաղուց, վարձակալներին զգուշացնում են, որ այսուհետ կամ ավելի թանկ են վճարելու, կամ ժամանակ են տալիս, որպեսզի ազատեն բնակարանը։

«Այս պահին մենք ևս նման խնդրի առաջ ենք կանգնած։ Մեր վարձակալած բնակարանի տերը երեկ մեզ զգուշացրել է, որ նախկին 90 հազար դրամի փոխարեն կամ 140 հազար դրամ պետք է վճարենք, կամ մինչև ապրիլի 1-ը ազատենք բնակարանը»,- ասաց Լուսինեն, նշելով, որ Սյունիքի մարզից են, եղբոր հետ է բնակվում, ով ևս ուսանող է։

Նշենք, որ վարձով բնակարանների շուկան պետության կողմից որևէ կերպ չի կարգավորվում և գնագոյացումը տեղի է ունենում առաջարկի ու պահանջարկի հարաբերակցության արդյունքում։

Արմինե Նավոյան