Ալենը թող չաքլորանա

«Ես որոշում եմ կայացրել այլևս չհակադարձել դրանց որևէ արտահայտության, առավել ևս բերել հակափաստարկներ, բայց չի ստացվում։ Սա հատուկ մշակված ծրագիր է, երբ իրենց հանցագործությունը կոծկելու համար մեղադրում են արցախցիներին»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է օկուպացված Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ բերելով մի քանի օրինակներ, որ ՀՀ իշխանությունը և Ադրբեջանը գործում են համատեղ, նույն տրամաբանությամբ։
«Գուցե իրենց հիշողությունը կարճ է, բայց ես կթարմացնեմ։ Երբ սեպտեմբերի 19-ին սկսվեց պատերազմը՝ առաջին զոհերը երեխաներ էին, խաղաղ բնակչության շրջանում ևս ունեցանք բազմաթիվ կորուստներ։ Իսկ Ալեն Սիմոնյանի շեֆն այդ օրը հայտարարեց, որ Արցախում խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում»,- հիշեցնում է Հակոբյանը։
Ալեն Սիմոնյանի աղմկահարույց ճեպազրույցից հետո պատգամավորը երեկ բացել է հեռախոսում պահպանված արխիվը, վերստին տեղափոխվել այն ահ ու սարսափի օրեր, որտեղ Արցախի ժողովուրդը պաշարումից հետո ընդունել էր վերջին՝ ճակատագրական մարտը. «Սարսափելի զգացողություն էր, երբ գիտակցում ես, որ դու միայնակ ես, որևէ տեղից որևէ օգնություն չի գալու, իսկ քո բանակը կռվում է, բազմաթիվ զոհերով ու կորուստներով մեր տղամարդիկ փորձում էին պաշտպանել հայրենիքը»։
Մետաքսե Հակոբյանը զրույցի ընթացքում հիշեցրեց նաև ՌԴ նախագահի ճեպազրույցից մի հատված, երբ լրագրողը հարցրել է, թե՝ ինչո՞ւ խաղաղապահները չեն կատարել իրենց առաքելությունը, և Պուտինը պատասխանել է. «2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, մենք այլևս անելիք չունեինք»։
«Սա հաջորդ փաստարկն է, որ ՀՀ ներկայիս իշխանությունը Արցախը նվիրել է Ադրբեջանին։ Նիկոլը հրաշալի գիտեր, որ նոյեմբերի 9-ին փաստաթուղթը ստորագրելով, դրա 6-րդ կետով Արցախը հայտնվելու է շրջափակման մեջ։ Ինչ վերաբերում է Սիմոնյանի երեկվա հայտարարությանը, որից հետո մեղադրական խոսքեր հնչեցին նրա հասցեին, նա փորձեց ինքն իրեն շտկել, թե՝ «եթե շարունակեին կռվել՝ Հայաստանը կգնար օգնության», մոռանալով, որ իրենց ուսապարկերից մեկը՝ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասել է. «Պետք է Արցախի 150 հազար բնակչությանը զոհեինք, որ փրվեին 3 միլիոն հայերը»»:
Հասկանո՞ւմ եք սրանց տրամաբանությունը»,- ընդգծում է նա։
Ապա շարունակեց. «Գործող իշխանության չսիրած նախկինները պակաս հայրենասեր չէին, բայց շոուներ չէին անում։ Բոլորը կարող էին աղաղակել՝ «Արցախը Հայաստան է և վերջ», կամ «Ակնան իմ հայրենիքն է» լուսանկարների շարք հրապարակել ֆեյսբուքում»։
Հակոբյանի համոզմամբ, նախկին իշխանությունը դա չի արել, գիտակցելով, որ այդպիսով կթեժացնի իրավիճակը, բախումներ կլինեին, ինչպես և հաջողվեց գործող իշխանությանը։
«Ուրեմն Ալեն Սիմոնյանը թող չաքլորանա, մենք գիտենք, որ հանցագործությունը թաքցնելու համար այլևս այլ տարբերակներ չունեն, քան մեղադրել արցախցիներին՝ չկռվելու համար»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան