Փաշինյանի վտանգավոր ուղերձները

Փաշինյանի վտանգավոր ուղերձները

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի մասին կարելի է երկար գրել, առանձին-առանձին անդրադառնալ նրա մտքի «գոհարներին», փաստարկներով հակադարձել ու հիմնավորել դրանց սնանկությանը:

Իհարկե, կարող ենք նրա ընդամենը մեկ դիտարկման անդրադառնալ՝ ցույց տալու համար, թե ինչ վտանգավոր մտքեր ունեցող մարդու ձեռքում է գտնվում իշխանությունը:

«Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Փաշինյանը ու այդ միտքը, թերևս, ամենավտանգավորն էր երեկվա ասուլիսում:

Փաշինյանը «մաքրվելու» խնդիր ունի՝ պատմության, հասարակության, սերունդների աչքերում, ու ենթադրում եմ՝ առաջիկայում «վհուկների որս» ենք տեսնելու, որպեսզի խայտառակ պարտության համար ով ասես «մեղավոր լինի», բայց՝ ոչ Փաշինյանը:

Նրան, իհարկե, չի հետաքրքրում դրանից հետո ի՞նչ կմնա բանակից ու չլսելու է տալու լեգիտիմ մի հարց՝ բա 2,5 տարի ինչո՞վ էր զբաղված իշխանությունը, երբ բանակում «5-րդ շարասյունը» զարգանում էր կամ դրա գոյությունը Փաշինյանը չէ՞ր տեսնում, երբ պատերազմից մեկ ամիս առաջ, Տավուշի ավանտյուրայի օրերին, փառաբանում էր «դավաճանական» բանակը:

Նման սկանդալային հայտարարությունից հետո, խորհրդարանը Փաշինյանից պետք է ապացույցներ պահանջեր ու դրանց բացակայության պարագայում՝ անմիջապես սկսել նրա պաշտոնանկության գործընթացը:

Կամ ասուլիսի մեկ այլ դրվագ:

Հիշեցնելով, որ փետրվարի կեսերին Երևանը խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ առաջարկ էր փոխանցել Բաքվին՝ Փաշինյանը երեկ ադրբեջանական կողմի արձագանքից որոշ մանրամասներ հաղորդեց՝ նշելով՝ «որոշակի առաջընթաց տեսնում են», սակայն, «որքան առաջ ենք գնում, այնքան ֆունդամենտալ պրոբլեմներ են ի հայտ գալիս»։

«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքային պահանջներ ձևակերպել կամ նկրտումներ ձևակերպել, ինչը կարմիր գիծ է մեզ համար։ Մեր ընկալմամբ, այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռքբերել, այդ թվում՝ ՀՀ ստորագրությամբ։ Դա, բնականաբար, նույնպես կարմիր գիծ է մեզ համար։ Մենք տեսնում ենք նաև Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ մենք, ըստ էության, ստորագրված պայմանգրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար»,- հայտարարել է վարչապետը:

Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ վտանգավոր շեշտադրումներ է անում վարչապետը:

Մի կողմից, նա խոսում է «բանակցային որոշակի առաջընթացի» մասին, մյուս կողմից արձանագրում է, թե Բաքուն «փորձում է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել»:

Որևէ բանական մարդ կարո՞ղ է բացատրել Փաշինյանի մտքի այս կոնտրաստը:

Ու առաջիկայում, թերևս, հարկ կլինի հարվածային անդրադառնալ Փաշինյանի ասուլիսի բոլոր սկանդալային դրվագներին:

Վահրամ Բագրատյան