Անձնագրայիններում «բարդակ» է. հարյուրավոր արցախցիների սպասարկում է մեկ պատուհան
MediaHub-ն Արցախի քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստացել ՆԳՆ ոստիկանության անձնագրային բաժանմունքներում տիրող իրավիճակի մասին։ Հաշվառման կամ քաղաքացիություն ստանալու համար հազարավոր քաղաքացիներ ամեն օր հերթեր են կանգնում պահանջվող թղթաբանությունը հանձնելու և կամ տեղում լրացնելու համար, բայց արցախցիների համար գործում է ընդամենը մեկ պատուհան։
Մեզ դիմած քաղաքացիներից մեկը զինված ուժերի երկարամյա ծառայող է։ ՀՀ ՊՆ-ում աշխատանքի անցնելու կապակցությամբ պետք է ՀՀ քաղաքացիություն, մեկ ուրիշին՝ թոշակ ստանալու, մեկ այլ քաղաքացու՝ տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար։ Բոլոր դեպքերում էլ անհրաժեշտ է դառնալ ՀՀ քաղաքացի։
«Ես իմ 070 կոդով ՀՀ կապույտ անձնագրով ավելի շատ էի ինձ ՀՀ քաղաքացի զգում, քան հիմա։ Արհեստական խոչընդոտներ են ստեղծում անձնագրային սպասարկման կետերում։ Մենք ընտանիքով գիշերը ժամը 2:00-ից այստեղ ենք, բայց ո՛չ հերթն է առաջ գնում, ո՛չ հարցն է լուծում ստանում»,- ասաց Ճարտար քաղաքային համայնքի բնակիչներից մեկը։
Նարինեն Ստեփանակերտից է, 3 անչափահաս երեխաների մայր։ Արդեն մեկ շաբաթ է առավոտյան ժամը 8:00-ից գալիս է հարցին լուծում տալու, բայց ամեն օր հայտնվում է նույն իրավիճակում։ «Հերթեր են, էս ցրտին երեխաների հետ դժվար է։ Գոնե 2 պատուհան սպասարկի, մի հոգին չի հասցնում։ Ասում են օրական 20 հոգու են սպասարկում։ Չգիտեմ՝ ո՞վ է այս «բարդակ»-ի պատասխանատուն, բայց որ ամեն ինչ արհեստականորեն է արվում, դա միանշանակ է»,- ասաց մեր զրուցակիցը։
MediaHub-ը կհետևի զարգացումներին, քանզի մենք շարունակում ենք ստանալ ահազանգեր արցախցիներից:
Հունան Թադևոսյան