ՌԴ, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները չեն ժամանի Երևան

Նոյեմբերի 18-20-ը Երևանում կանցկացվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Մեր տեղեկություններով՝ երեք երկիր դրան մասնակցելու հայտ այս պահի դրությամբ չի ներկայացրել՝ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը:
Առաջին երկուսի դեպքում չմասնակցելը հասկանալի է, թեև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թշնամական այս պետությունների հետ հարաբերությունների կարգավորման է ձգտում և ամեն առիթ օգտագործում այս երկրների պաշտոնյաների հետ հանդիպելու: Իսկ Ռուսաստանի Դաշնության բացակայությունը, թերևս, պայմանավորված է Արևմուտքի հետ այս երկրի, մեղմ ասած, լարված հարաբերություններով ու խորացող կոնֆրոնտացիայով:
Այդուհանդերձ՝ ինչո՞ւ ՌԴ պատվիրակությունը Երևան չի ժամանելու. MediaHub-ն այս հարցն ուղղեց Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովու հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանին: Վերջինս արձագանքեց.
«Չեն պարզաբանել, պարզապես չեն գրանցվել»:
Նա նաև հավելեց, թե գրանցումներով Հայաստանը չի զբաղվում, այլ կազմակերպության միջազգային քարտուղարությունն է անում:
Լիաննա Թորոսյան