ՆԱՍԱ-ի «Վոյադջեր 1» զոնդը տարօրինակ տվյալներ է ուղարկում

ՆԱՍԱ-ի «Վոյադջեր 1» զոնդը տարօրինակ տվյալներ է ուղարկում

ՆԱՍԱ-ի «Վոյադջեր 1» զոնդն արձակումից  45 տարի անց շարունակում է իր ճանապարհորդությունը մեր արեգակնային համակարգից դուրս: Սակայն այժմ տիեզերանավը տարօրինակ տվյալներ է ուղարկում՝ մտահոգելով իր ինժեներներին:

ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ թեեւ զոնդը դեռ ճիշտ է աշխատում, դրա հոդակապման եւ դիրքի վերահսկման համակարգից (AACS) ցուցիչները չեն համապատասխանում տիեզերանավի շարժումներին եւ դիրքին՝ ենթադրելով, որ տիեզերանավը չի հասկանում իր դիրքը տիեզերքում: AACS-ն անհրաժեշտ է «Վոյադջերին»՝ իր շուրջը գտնվող միջաստղային միջավայրի մասին ՆԱՍԱ-ին տվյալներ ուղարկելու համար:

Այսպիսի հանելուկը յուրատեսակ նորմ է «Վոյադջեր» առաքելության այս փուլում, ասել է ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայում «Վոյադջեր 1» եւ «Վոյադջեր 2» նախագծերի ղեկավար Սյուզան Դոդը: ՆԱՍԱ-ն հայտնել է, որ «Վոյադջեր 1»-ի երկվորյակը՝ «Վոյադջեր 2» զոնդը, իրեն նորմալ է պահում։ 1977 թ. մեր արեգակնային համակարգի արտաքին մոլորակների ուսումնասիրման նպատակով արձակված «Վոյադջեր 1»-ը սպասվածից շատ ավելի երկար է աշխատել եւ շարունակում է իր ճանապարհորդությունների մասին տեղեկատվություն ուղարկել Երկիր: Տիեզերանավը լքել է մեր արեգակնային համակարգը եւ միջաստղային տարածություն մտել 2012 թ. Այժմ տիեզերանավը ​​գտնվում է Երկրից 14.5 միլիարդ մղոն հեռավորության վրա՝ մարդու ստեղծած ամենահեռավոր օբյեկտը դարձնելով այն:

ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ «Վոյադջեր 1»-ը  պատահականորեն ստեղծված տվյալներ է ուղարկում, որոնք «չեն արտացոլում այն, ինչ իրականում տեղի է ունենում տիեզերանավի վրա»: Առայժմ համակարգային խնդիրը ծերացող տիեզերանավի՝ «անվտանգ ռեժիմի» անցման չի հանգեցրել, որի դեպքում այն կատարում է միայն հիմնական գործողությունները:

«Քանի դեռ խնդրի էությունն ավելի լավ ուսումնասիրված չէ, թիմը չի կարող կանխատեսել՝ արդյոք դա կազդի նրա վրա, թե որքան ժամանակ տիեզերանավը կարող է գիտական ​​տվյալներ հավաքել եւ փոխանցել Երկիր»,- նշել են NASA-ում: