«Ամուսնուս ասացի՝ ես առանց Արսեն չեմ կարա ապրեմ. ասաց՝ պիտի կարաս, մեր Արսենն էլ չկա....»

«Պատերազմից 5 րոպե առաջ զանգեց ու ասաց՝ մամ, հնարավորություն գտեք Մարիամին հանեք Արցախից, թե ձև կա Երևան տարեք։ Այնքան շատ էր սիրում փոքր քրոջը, որ ամենադժվար պահին էլի քրոջ մասին էր մտածել, չնայած, որ իր տեղն ավելի վատ էր»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Մարգարիտան, ում 18-ամյա որդին՝ Արսենը, սեպտեմբերյան մարտերին անմահացել է դիրքում։
Արսեն Առստամյանն 9 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց ռազմական գործողությունը։ Մարտական հերթապահությունն իրականացնում էր լեգենդար D20-ի դիրքերում։ Մայրը պատմում է, որ զանգն անջատելուց հետո անմիջապես սկսվել է պատերազմը։
«Մարիամը մանկապարտեզում էր, Աննան՝ դպրոցում։ Արկերի պայթյունների տակով ես վազում էի քաղաքով, որ երեխաներիս բերեմ, բայց ճանապարհին սիրտս վատանում է, այլևս չեմ կարողանում առաջ շարժվեմ։ Արսենի ընկերն է գնացել Մարիամի հետևից։ Ինչևէ կողքի պադվալից բերեցինք երեխային ու սպասեցինք, մինչև Արսենից լուր կգտնեինք»,- հիշում է նա։
Քաղաքացիական բնակչությանն այնուհետև տարհանել են օդանավակայանի տարածք։
Մարգարիտան այնտեղ ծանոթներից լսել է, որ դիրքը, որտեղ Արսենն էր գտնվում, հրետակոծվել է, Արսենը վիրավոր է։ Մայրը ժամերով չի կարողացել հաստատել լուրի իսկությունը։ Ասում է․ «Անզորությունից ուզում էի մեռնել»։
Մարգարիտան այնուհետև զանգել է ամուսնուն՝ Էռնեստին, հույսով, որ գոնե հայրը մի լուր կունենա որդուց։ Վերջինս ասել է, թե «տեղեկություն ունեմ Արսենը լավ է, մի՛ անհանգստացիր»։
«Բայց մայրական բնազդս ամենավատն էր հուշում։ Ասացի՝ «Էռնե՛ստ, չխաբես ինձ, դու տեսե՞լ ես իրեն, ասաց՝ «չէ, էս պահին հնարավոր չէ», ես էլ ասացի «մի բան արա, խնդրում եմ, ես առանց Արսեն չեմ կարա ապրեմ»… ինքն էլ ասաց՝ «պիտի կարաս Մարգո, մեր Արսենն էլ չկա»,- վերհիշում է իր կյանքի ամենասարսափելի պահը Մարգարիտան։
«Քանի-քանի աշխարհի վերջ է անցել մեր գլխով․ պատերազմներ, տարհանում, տեղային մարտեր, հրադադարի խախտումներ, իննամսյա շրջափակում, նորից պատերազմ, տեղահանում, բայց առանց որդուս դիմանալն անհնար է… չեք պատկերացնի, թե որքան դժվար է։ Համակերպվելու, ճշմարտությունն ընկալելու ուժ չի մնացել»։
Հետո հայտնի է դարձել, որ D20 դիրքի անձնակազմից բոլորը զոհվել են, միայն մեկ հոգի վիրավորում է ստացել։ Ռուս խաղաղապահների կենտրոնակայանում օրերով մնալուց հետո Արսենի ու իր հորաքրոջ որդու՝ Տիգրանի դիերը իջեցրել են դիրքերից։ Հաջորդ օրը 2 ընտանիքները տեղափոխվել են Երևան, զավակներին հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
«Չեմ հիշում ճանապարհն ինչպես եմ անցել, 4-ամյա երեխայի հետ, որդուս դիակի հետևից, թևերս ջարդված»,- ասում է մայրը, պատմուն նաև ընտանիքի ապրումները՝ սիրելի որդուց հետո։
«Մարիամն ամեն օր վերև է նայում, ասում է՝ «մամ, Արսենին եմ փնտրում, նա Աստված պապիկի մոտ է»։ Ես այդքան մաքուր ու անկեղծ սեր չեմ տեսել, որքան Արսենն էր սիրում Մարիամին։ Չնայած Արսենս բոլորին էր սիրում, այդքան բարի ու ընկերասեր էր։ Բոլորն ասում էին՝ «բարի աչքերով տղան»»։
Օրեր առաջ, երբ Երևանում վառվեցին տոնածառի լույսերը, Մարիամը լսել է հրավառության ձայնը, վախեցել է, մտածել է, թե պատերազմ է՝ «եկել ասում է մամ, կռիվ է, բա Արսենը․․․»։ Մինչ օրս ոչ մի հրամանատար չի այցելել Առստամյաններին, ոչ էլ զանգել, ցավակցություն են հայտնել։ Արսենի հայրը՝ Էռնեստը, շատ է օգնել զինվորականներին։ Անգամ շրջափակման օրերին ինչ ցանկացել են, Էռնեստն ու Մարգարիտը գտել-ուղարկել են սահման։ Ու հիմա նման անտարբերություն…
Հունան Թադևոսյան