Պարտվելու են իրավական պետությունը, հեղափոխությունը

Պարտվելու են իրավական պետությունը, հեղափոխությունը

Իշխող ՔՊ-ն չի պատրաստվում Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, սակայն ԱԺ ընդդիմությունը, մասնավորապես  «Հայաստան» խմբակցությունը,  այդ հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծ է ներկայացրել խորհրդարան։ Նախագծի ներկայացման համար հիմք է ծառայել փաստաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի համատեղ դիմումը՝ ուղղված ԱԺ խմբակցություններին։

Նախագծում ասվում է, որ դատավորի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Սաֆարյանը զբաղվել է նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ խորհրդարանում այս նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ձայների 3/5-ով, այսինքն՝ անհրաժեշտ է լինելու 65 պատգամավորի համաձայնություն: Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր:

Այս հարցում, մեծ հաշվով, քաղաքականություն գոյություն չունի, որովհետև ՍԴ անդամ Սեդա Սաֆարյանն ակնհայտորեն խախտել է օրենքը ու, առաջին հերթին, կառավարող ՔՊ-ն պետք է հետամուտ լիներ խնդրի քննարկմանը՝ շահարկումներից խուսափելու համար:

Տվյալ պարագայում, իրավական բաղադրիչից զատ, գոյություն ունի խնդրի բարոյական կողմը:

Ինչի՞ մասին էր 2018-ի հեղափոխությունը:

Առաջին հերթին, դա ուղերձ էր այն մասին, որ Հայաստանում հաստատվելու է օրենքի, իրավունքի դիկտատուրա ու անկախ այն հանգամանքից, թե դա ինչ շրջանակի վրա է տարածվելու:

Սեդա Սաֆարյանի պաշտպանների փաստարկները չեն տեղավորվում հեղափոխական այս նարատիվի մեջ: Սաֆարյանի կողմից օրենք խախտելու պնդմանը՝ որպես հակափաստարկ, լսում ենք, որ նա տարիներ շարունակ եղել է սկզբունքային փաստաբան կամ մեծ վաստակ ունի Մարտի 1-ի բացահայտման գործում, ոմանք էլ ասում են, թե տիկին Սեդան հեղափոխական օրակարգի կրող է:

Այս ամենը գուցե ճիշտ է, բայց առաջին հերթին պարտավորեցնող գործոն է Սեդա Սաֆարյանի, նրան աջակցող ՔՊ-ի համար:

Պարտավորեցնող՝ այն իմաստով, որ երբեք քաղաքական նպատակահարմարությունը չի կարելի վեր դասել օրենքից, հակառակ պարագայում՝ պարտվելու են իրավական պետությունը, հեղափոխությունը:

Վահրամ Բագրատյան