Ի՞նչ պետք է անեն Արցախի Ազգային ժողովի պատգամավորները 

Ի՞նչ պետք է անեն Արցախի Ազգային ժողովի պատգամավորները 

Արցախի Ազգային ժողովը լուծարված չէ, այն պետք է ինչ-որ գործունեություն ծավալի, բայց թե ի՞նչ պետք է անեն Արցախի Ազգային ժողովի պատգամավորները, և ե՞րբ տեղի կունենա պատգամավորների նիստը։

Այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի հետ։

«Մեզ շատ բարդ է պատկերացնել, թե որտեղից սկսենք, բայց աշխատանքային քննարկումեր լինում են։ Հաշվի առնելով բոլոր վտանգները և մշակելու ռազմավարությունը՝ պետք է պատկերացնենք ճանապարհը սկզբից մինչև վերջ։ Գոնե մեր պատկերացումներում ծրագրավորվող տարբերակներ լինեն, իսկ հետո ինչ-որ գործողություններ կլինեն»,- ասաց պատգամավոր Հարությունյանը։

Ըստ Արցախի ԱԺ պատգամավորի՝ Գագիկ Բաղունցը հանդիպում է խմբակցությունների հետ և աշխատանքային քննարկումների է մասնակցում։

Նրա խոսքով՝ աշխատանքային քննարկումների արդյունքում որոշում կկայացվի, և այդ շրջանակներում նիստը տեղի կունենա։

«Հիմա լինում են որոշակի աշխատանքային հանդիպումներ պատգամավորների հետ, իսկ Սամվել Շահրամանյանի հետ եղել է մեկ հանդիպում։ Պատգամավորները աշխատավարձ չեն ստանում, և այլ ձև չպետք է լիներ, քանի որ Արցախում որևէ մեկը չի ստանում։ Մեր առաքելության առանցքն աշխատավարձը չի եղել։ Եվ իհարկե բարդ է լինելու առանց աշխատանք։ Բայց ես կարծում եմ, որ մեր աշխատանքն անցնելու է հասարակականի»,- ասաց նա։ 

Ըստ նրա՝ պատգամավորների մեծ մասը ստիպված են լինելու ուրիշ աշխատանք գտնել այլ ոլորտներում։ Կենցաղային խնդիրները լուծելու համար աշխատանք է պետք։

Հիշեցնենք, որ երեկ Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն ասել էր, որ պատգամավորներն աշխատելու են թեև հասարակական հիմունքներով, բայց այսօր հայրենիքի համար պայքարը գումարով չի չափվում։

Նա նշել էր նաև, որ Արցախի ԱԺ պատգամավորների հետ նիստը հաստատ լինելու է մինչև Նոր տարի և բավականին շուտ, քանի որ պատգամավորների գերակշռող մեծամասնությունը կողմ է նիստի անցկացմանը։

Մարիաննա Արամյան