Բաքվի ինտրիգն ու Ստեփանակերտի պատասխանը

Բաքվի ինտրիգն ու Ստեփանակերտի պատասխանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմն առաջարկել է Արցախի իշխանությունների ներկայացուցիչներին ինտեգրացիայի ու ենթակառուցվածքների հարցով երկրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում:

Թե հանդիպման վայրը և թե օրակարգն ինտրիգային են: Բաքվի նպատակը պարզ է՝ ոչ թե հանդիպումն է, այլ դրան չմասնակցելու Ստեփանակերտի հնարավոր որոշումը միջազգային հանրության աչքերում ապակառուցողական ներկայացնելը:

Այստեղ խնդիրը նույնիսկ հանդիպման վայրն ու օրակարգը չեն, այլ այն հանգամանքը, որ Բաքուն փորձում է ԼՂ խնդիրը դուրս բերել միջազգային օրակարգից՝ այն դարձնելով ներպետական:
Պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը կանխատեսելի էր, թեև շատ կարևոր էին շեշտադրումները:

Արցախի խորհրդարանի ուժերն անընդունելի են համարում Բաքվի հետ ուղիղ բանակցությունները եղած իրավիճակում։

«Ղարաբաղյան հակամարտությունը, որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով, մասնավորապես, այդպիսի լիազորությամբ օժտված Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրավմամբ», - ասված է նրանց հայտարարության մեջ:

Միանշանակ, Արցախի խորհրդարանը նուրբ ակնարկ է անում, թե Բաքվի նման ակնարկը Երևանի քաղաքականության հետևանք է: Ազգային ժողովի խմբակցությունները պահանջ են ներկայացրել նաև Հայաստանի իշխանություններին՝ հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը՝ կասկածի տակ չդնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է, թե Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումները կարող են տեղի ունենալ ռուս խաղաղապահների միջնորդությամբ և այնտեղ, որտեղ նախորդ հանդիպումն էր անցել: Մարտի 1-ին կողմերը հանդիպել էին Իվանյանում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի շտաբում:

Ղարաբաղի արտգործնախարարությունը նաև պնդել է, թե օրակարգում պետք է լինեն հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցեր` «առանց դրանց անհարկի քաղաքականացման»:

Ղարաբաղի արտգործնախարարությունը պնդել է, թե հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցությունները պետք է տեղի ունենան միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափով՝ «կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում»:
Ինչպես տեսնում ենք՝ Ստեփանակերտը բավականին կառուցողական շեշտադրումներով մերժել է Բաքվի առաջարկը:

Վահրամ Բագրատյան