Վրացական ինտրիգ 

Վրացական ինտրիգ 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ հայտարարել է՝  երկրում տեղի են ունեցել «ռուսական ընտրություններ», նոր տեխնոլոգիաներ են օգտագործվել կեղծիքների համար։

«Ես այս ընտրությունները չեմ ճանաչում», - հայտարարել է նախագահ Զուրաբիշվիլին ընդդիմության առաջնորդների հետ ճեպազրույցում։

Նա նաև հայտարարել է հանրահավաք հրավիրելու մասին։

Այսպիսով՝ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունը հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում ստացել է մոտ 54% քվե, սակայն խորհրդարանական մանդատ ստացած չորս ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և այսօրվանից՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորությամբ, մտադիր են Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպել:

Վրաստանի ընտրություններն, անշուշտ, իդեալական չեն եղել և չէին էլ կարող լինել, բայց դեռևս նախընտրական փուլում ակնհայտ էր, որ ֆավորիտը «Վրացական երազանքն» է, ինչը և արտացոլված է ԿԸՀ հրապարակած թվերով: 

Նույնքան ակնհայտ էր, որ արևմտամետ ընդդիմությունը չի ընդունելու իր պարտությունն ու մեծ հաշվով նրա քարոզարշավը հենց հետընտրական զարգացումների մասին էր: 

Մոտենում ենք վրացական դրամայի եզրափակիչ արարին, որտեղ բախվելու են արևմտյան ուլտրալիբերալ շրջանակների ու Վրաստանի ազգային-պետական ինքնության պաշտպանների շահերը: 

Հենց սա էլ վրացական ընտրական ցիկլի վերջին ինտրիգն է:

Սուրեն Սուրենյանց