Բաքվի վերջնագիրը

Պաշտոնական Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Մեկնաբանելով երկու երկրների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների մարտի 7-ին կայացած նիստի արդյունքները՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը։
Ընդ որում, Բաքուն հրաժարվում է հետ քաշվել Հայաստանի օկուպացված տարածքներից:
Այս տեղեկատվությունը ոչ պաշտոնական խողովակներով մեզ հասու էր դարձել դեռ մարտի 7-ին, երբ սահմանազատման հանձնաժողովների նիստից ժամեր անց ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը տևական դռնփակ հանդիպում ունեցավ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ:
Բաքվի դիրքորոշումը հստակ է և վերջնագրային։
Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը, արդյո՞ք Փաշինյանը որդեգրելու է նույն մարտավարությունը, երբ ժամանակ է ձգձգում՝ բանը հասցնելով նրան, որ Ադրբեջանի զինուժը լուծի խնդիրը՝ մեր զինվորների արյան գնով:
Ինչո՞ւ հետպատերազմյան փուլում Հայաստանը հասավ նման զարհուրելի հանգրվանի, որը շատ ավելի վատն է, քան Նոյեմբերի 9-ով հաստատված ստատուս-քվոն:
Այս հարցերը սկզբունքային դիրքորոշում ունեն, որովհետև մեր խորին համոզմամբ՝ հետևանք են նաև Հայաստանի իշխանության ապաշնորհ քաղաքականության, ստրատեգիական կողմնորոշման փոփոխության փորձերի, ինչը հանգեցրել է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման՝ առանց անվտանգային այլընտրանքային երաշխիքների:
Վահրամ Բագրատյան