Tellcell տերմինալից հնարավոր չի լինում 100 դրամով ավտոբուսի ուղետոմս գնել

MediaHub-ին ահազանգում են ընթերցողները, թե Telcell–ի տերմինալներից հնարավոր չէ 100 դրամով ավտոբուսի ուղետոմս գնել։ Քաղաքի բազմաթիվ Telcell–ի տերմինալները գումարը վերցնում են, սակայն, ուղետոմսի QR–ը չեն տպում և չեն տալիս։
«Գումարը գցում եմ, ուղետոմս չի տպում, գումարն էլ կուլ է տալիս։ Մի տերմինալով չեմ փորձել, այսօր մի քանի տերմինալներով այդպես է եղել, խանութի վաճառողն էլ, որտեղ տեղեկայված էր տերմինալը, ասաց, որ առաջին մարդը չեմ, որին ուղետոմսը չի տպում»,– ասաց ահազանգած ընթերցողը։
Մեր զրուցակիցը նշեց, որ տերմինալներից մեկին մոտենալիս տեսավ, որ թղթի կտորի վրա գրված է, որ տերմինալը գումարը կուլ է տալիս։
«Փոքր խանութի աշխատողն էլ ասաց, թե այսօրվա ընթացքում այնքան է գումար կուլ տվել, որ որոշեց թղթի վրա գրել և կպցնել տերմինալին, որ մարդիկ անիմաստ չօգտվեն։ Ըստ նրա՝ սա անում են, որ 100 դրամով ավտոբուսի ուղետոմս չկարողանան գնել տերմինալներից, այլ միայն օնլայն գնեն տոմսերը՝ կայքը ներբեռնելով։ Սակայն, տարեց մարդկանց համար դեռ դժվար է կայքը ներբեռնել և կայքով գնել ուղետոմսը»,– նշեց մեր զրուցակիցը։
Քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ տերմինալներից 100 դրամով ավտոբուսի ուղետոմս հնարավոր է գնել։
Մեր զրուցակիցը նշեց, որ եկու օր առաջ էլ Telcell–ի օնլայն հավելվածով փորձում էր գնել ուղետոմս, սակայն, չէր ստացվում։
«Երբ փորձում էի Telcell–ի օնլայն հավելվածով գնել ուղետոմսը, գրվում էր, թե որոշ տվյալներ ստանալիս սխալ է տեղի ունեցել։ Ո՛չ օնլայն հավելվածն է նորմալ աշխատում, ո՛չ էլ տերմինալները»,– ասաց նա։
Նշենք, որ փետրվարի 1-ից գործելու են միայն տրանսպորտային քարտերով, բանկային քարտերով ու Telcell wallet-ով ձեռք բերված փաթեթները: Տերմինալների միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել միայն 90 րոպեանոց QR կոդով կարճաժամկետ տոմսեր:
Մարիաննա Արամյան