Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը (Տեսանյութ)

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը (Տեսանյութ)

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը:

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքեց 15.083 միավոր և զբաղեցրեց առաջին տեղը: 

Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ Գերմանիայի Կոտբուս քաղաքում տեղի ունեցած աշխարհի գավաթի առաջին փուլում (15.133 միավոր):

Դոհայում տեղի ունեցած աշխարհի գավաթի երկրորդ փուլում Արթուր Դավթյանը միակ մեդալակիրն էր: Նախորդ օրը օղակների վարժության եզրափակիչում Հայաստանի երկու ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը մեդալ չէին նվաճել:  Արթուր Ավետիսյանը եզրափակիչում վաստակել էր 14.733 միավոր եւ զբաղեցրել 4-րդ տեղը: Վահագն Դավթյանը 14.466 միավորով 7-րդն էր: