Դանակաhարություն, կրակnցներ Պարույր Սևակ փողոցում․ նոր մանրամասներ են հայտնի դարձել

Դանակաhարություն, կրակnցներ Պարույր Սևակ փողոցում․ նոր մանրամասներ են հայտնի դարձել

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ Պ․ՍԵՎԱԿ ՓՈՂՈՑՈՒՄ 2024Թ․ ՓԵՏՐՎԱՐԻ 24–ԻՆ, ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ, 2 ԱՆՁԻ ՄԱՍՈՎ, ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեն տեղակացրել էր, որ 2024 թվականի փետրվարի 24-ին ստացվել է համատիրության նախագահ Կ. Զ․-ի հաղորդումն այն մասին, որ ժամը 17:00-ի սահմաններում, Պ. Սևակ փողոցի 8/1 շենքի բակում դիտողություն է արել Պ. Սևակ փողոցի 8 շենքի մի բնակչի, և առաջացած վիճաբանության ժամանակ այդ բնակչի եղբայրն իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել է իր ուղղությամբ, ապա դանակով հարվածել է իր ձախ ուսին` պատճառելով վնասվածք: Դրանից հետո ինքն, ինքնապաշտպանության նպատակով, իրեն պատկանող գազային ատրճանակով կրակել է օդ:

Հաջորդ օրը ստացվել Ա. Ա․-ի հաղորդումն այն մասին, որ Պ. Սևակ փողոցի 8/1 հասցեի դիմաց իր եղբոր որդիներ Խ. և Տ. Ա․-երի հետ, վիճաբանել են համատիրության նախագահ Կ․Զ․-ի հետ, որի ընթացքում վերջինս մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք, բացի այդ իր մոտ եղած ատրճանակը պահել է իր վրա:

Այս հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև առանձին՝ 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնք միացվել են։

Կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ նշված միջադեպի ժամանակ համատիրության նախագահը ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ դիտողություն է արել նույն թաղամասի բնակիչ Տ. Ա․-ին, որի հետ կապված պարզաբանումները հետագայում շարունակվել են նշված շենքի ավտոկայանատեղիում, ինչը վերածվել է վիճաբանության: Տեղի ունեցածի մասին Տ. Ա․-ն տեղեկացրել է իր եղբորը՝ Խ. Ա․-ին և հորեղբորը՝ Ա. Ա․-ին։ Նախապես պայմանավորվածության համաձայն՝ վերջիններս նշված շենքի բակում հանդիպել են Կ. Զ․-ին և այլ անձանց: Կողմերի միջև առաջացել է ծեծկռտուք, որի ժամանակ Կ. Զ․-ն, ինքնությունները չպարզված մյուս անձանց հետ, խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ Ա., Խ., և Տ. Ա-երին հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Կ. Զ․-ն, շրջապատի մոտ իր ենթադրյալ առավելությունը ցուցադրելու նպատակով, անտեսելով մոտակայքում բնակելի շենքերի առկայությունը, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք՝ շարունակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, անպարկեշտ արտահայտություններ և իր մոտ գտնվող գազային ատրճանակով առնվազն երկու անգամ օդ կրակել՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խախտելով մարդկանց անդորրը:

Մյուս կողմից Խ․Ա․-ն, զենքի գործադրմամբ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, ևս կատարել է խուլիգանություն, որի ընթացքում դանակով հարվածել է Կ. Զ․-ի ձախ թիկնային շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար փաստերի համակցության հիման վրա Կ. Զ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (երկու դրվագ) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Խ. Ա․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Խուլիգանական արարքների մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ Քննչական կոմիտե