Ադրբեջանը զինվում է, իսկ ՔՊ-ն «սպիտակ աղավնիներ» է բաց թողնում երկինք

Ադրբեջանը զինվում է, իսկ ՔՊ-ն «սպիտակ աղավնիներ» է բաց թողնում երկինք

Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը և հանձնառությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

ՔՊ-ականները փորձում են «խաղաղության աղավնիներ» երևալ, սակայն Հարավային Կովկասում՝ թուրք-ադրբեջանական հայաջինջ տանդեմի հարևանությամբ այդպիսի քաղաքականություն որդեգրելն իր հետ բերելու է միայն աղետ, տարածքային կորուստներ և դատարկված Արցախ: Ադրբեջանը շարունակում է զինվել, սահմանին սպանում է հայ զինվորներ, Արցախի օկուպացված տարածքներում նոր զորամասեր է կառուցում՝ ապագայում այդ պլացդարմներից Ստեփանակերտի և այլ քաղաքների վրա հարձակվելու նպատակով:

Խաղաղություն ցանկանում են բոլորը, սակայն այդ խաղաղությունն ունի գին՝ Անկարան և Բաքուն այդպիսի գին են ընկալում Արցախը, Սյունիքը, ինչպես նաև հայոց բանակի կազմալուծումը:

Ադրբեջանին ձեռնտու չէ ուժեղ հայկական բանակ, որը կարող է ցանկացած պահի հետ բերել Շուշին և Հադրութն ու պաշտպանել Սյունիքը: Այսօր ՔՊ-կանները, խոսելով խաղաղության մասին, ցանկանում են դրական մեսիջներ ուղարկել գերտերություններին, սակայն գերտերություններն ունեն էներգետիկ, տնտեսական շահեր Ադրբեջանում և չեն պատրաստվում հայերի փոխարեն կռվել և հաղթել Ադրբեջանին:

Հայոց բանակի հզորացումը և ուժեղ տնտեսությունը պետք է դառնան հաջորդ իշխանությունների գերնպատակները՝ ՔՊ-ի օրոք ոչ բանակն է հզորանալու՝ արցախյան 44-օրյա պատերազմն ու աղետը դա ապացուցեցին, ոչ էլ տնտեսությունն է աճելու. Փաշինյանի օրոք ՀՀ արտաքին պարտքը 11 միլիարդի է հասել, իսկ գնաճը՝ ռեկորդներ է սահմանում:

Խաղաղություն կարող է հաստատվել այն դեպքում, երբ Արցախը վերականգնի իր տարածքային ամբողջականությունը, ադրբեջանական զորքերը դուրս բերվեն ՀՀ սուվերեն տարածքից, հայոց բանակը վերականգնի նախկին կարգավիճակն ու հզորությունը, իսկ ՀՀ քաղաքական էլիտան Արցախը չընկալի որպես բեռ, որից պետք է օր առաջ ձերբազատվել:

Թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է նոր պատերազմի, ինչի են պատրաստվում ՔՊ-ականները՝ անգամ իրենք չգիտեն:

Վահրամ Բագրատյան