Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (26.12.2023)

1. Նախաամանորյա ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների առաջնորդները։ Հանդիպումն ավանդական ձևաչափ է պետությունների ղեկավարների շփման համար, որոնք երկար տարիներ հավաքվում են դեկտեմբերի վերջին ՌԴ-ում։ Երեկ Ռուսաստանի նախագահը Սանկտ Պետերբուրգում անցկացրել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ 
2. Բելգրադում ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության ներկայացուցիչները երեկ փորձել են ներխուժել քաղաքային վարչակազմի շենք։ Ցուցարարները կոտրել են շենքի դռների ապակիները, ի պատասխան, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ավելի քան 30 ցուցարար է ձերբակալվել։ Հիշեցնենք, Սերբիայում դեկտեմբերի 17-ին անցկացվել են արտահերթ խորհրդարանական և տեղական մարմինների ընտրություններ։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած իշխող դաշինքը հաղթել է խորհրդարանական ընտրություններում:
3. Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում փոթորկի հետևանքով մեկ մարդ է մահացել, ավելի քան 100 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Հաղորդվում է, որ Քվինսլենդի վարչապետ Սթիվեն Մայլսը նահանգը պատուհասած փոթորիկը որակել է որպես «աննախադեպ», որի հետևանքով հարյուրավոր տներ են տուժել շրջանի հարավ-արևելքում:
4. Դեկտեմբերի 26-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Թեոդոսիայի նավահանգիստը: Ավելի ուշ Աքսյոնովը տեղեկացրել է, որ Թեոդոսիայում գրոհի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, երկու հոգի վիրավորվել է։ Վնասվել է վեց շենք։