Ժողովրդի 90 տոկոսը սիրում է ինձ, դրա համար էլ որոշները փորձում են անունս սևացնել․ Տավրոս Սափեյան 

Ժողովրդի 90 տոկոսը սիրում է ինձ, դրա համար էլ որոշները փորձում են անունս սևացնել․ Տավրոս Սափեյան 

Մամուլը գրել էր, թե Թալինի համայնքապետարանը համայնքապետ Տավրոս Սափեյանի ընտանիքին պատկանող գազալցակայանից է գնումներ կատարում, որը ըստ մամուլի, կոռուպցիայի դրսևորում է։ 

MediaHub-ի հետ զրույցում Տավրոս Սափեյանը նշեց, որ որևէ կոռուպցիա չի տեսնում, երբ համայնքապետարանն օգտվում է իր հորեղբորը պատկանող գազալցակայանից։ 

«Օրենքի խախտում չկա, մրցույթ է եղել, առաջին մրցույթին ոչ մեկը չի մասնակցել, իսկ երկրորդ մրցույթին մասնակցել է միայն հորեղբայրս։ Սեղմված բնական գազի լցակայան այդ տարածքում միայն հորեղբայրս ունի, մամուլը գրել էր, թե հայրս ևս կապ ունի այդ լցակայանի հետ, բայց դա լրիվ սուտ է, լցակայանը հորեղբորս է պատկանում, բայց ի՞նչ կոռուպցիա, եթե ինքը մրցույթին է մասնակցել ու շահել։ Այդ գազը ՌԴ-ից են բերում, այլ ոչ մեկը չունի Թալինի տարածքում»,- մանրամասնեց Սափեյանը։

Համայնքապետի խոսքով՝ հորեղբոր՝ Ժորա Սափեյանի գազալցակայանը 1999 թվականից է բացվել ու որևէ կապ չունի վերջինիս պաշտոնավարման հետ։

«Ես ինձ թույլ չեմ տա կոռուպցիոն պատմությունների մեջ հայտնվեմ։ Հայաստանում այնպես է, որ երբ մեկի ռեյտինգը բարձրանում է, մամուլը փորձում է սևացնել այդ անձին։ Ժողովրդի 80-90 տոկոսը սիրում է Տավրոս Սափեյանին, դրա համար էլ էս ամեն ինչը գրում են։ Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը եկավ Արուճ գյուղ, տեսավ ժողովրդի վերաբերմունքը։ Կապիկություն են էլի անում»,- ամփոփեց համայնքապետը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը երկու պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ։ Երկու պայմանագրերի հանրագումարը կազմում է 15 մլն 714 000 դրամ։ 

«Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն այս տարի երեք անգամ մասնակցել է Թալինի համայնքապետարանի համար հեղուկ և սեղմված բնական գազ ձեռք բերելու նպատակով հայտարարված գնումներին, որից երկուսում հաղթող է ճանաչվել։ 


Լիաննա Թորոսյան