Ի՞նչ խնդիրներ ունեն այսօր Հայաստանում ապրող վետերանները, և ովքե՞ր են օգնում նրանց
Հայաստանում կա Հայրենական մեծ պատերազմի մասնակից 39 վետերան, որոնց թվում են նաև Լենինգրադի բլոկադայի մասնակիցները։ Նրանց մի մասը 100-ն անց են, բայց գտնվում են ֆիզիկապես լավ վիճակում, քայլում են, խոսում ազատ, մասնակցում միջոցառումների։ Կան նաև առողջական խնդիրներով և արդեն բավականին տկար վիճակում գտնվողներ։
Վետերանների միության խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը մեզ հետ զրույցում ասաց, որ վետերանները կարիք ունեն բուժսպասարկման, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման։ Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր վետերանի, բացի իրենց հասանելիք կենսաթոշակից, ամսական 100-հազարական դրամ պատվովճար է տալիս։
Եսայանն ասաց, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ևս օժանդակություն է ցուցաբերում Հայաստանում ապրող վետերաններին։
«Մենք Ռուսաստանի Դաշնությունից տարին երկու անգամ ստանում ենք որոշակի գումար, որը բաժանում ենք մեր վետերանների միջև՝ յուրաքանչյուրին մոտ 107-108 հազարի չափով։ Նրանց կողմից այդ օգնության համար իմ խորին շնորհակալությունն ենք հայտնում, իհարկե, Ռուսաստանի Դաշնության կառավարությանը»,- ասաց Սիմոն Եսայանը՝ հավելելով, որ այլ կազմակերպություններ ևս օգնում են ՀՀ-ում բնակվող վետերաններին։
Մանրամասն՝ տեսանյութում