Բանակը հիմա էլ կարելի է վերաձևավորել ու անիվը շրջել հակառակ ուղղությամբ․ ազատամարտիկ

Եթե մենք չունենանք պետություն, ապա ոչ ոք չի կարողանա Նիկոլ Փաշինյանին մեղադրել պետական դավաճանության համար ու դատապարտել։ Այս մասին MediaHub-ի հետ ցրույցի ժամանակ ասաց ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը։
-Պարոն Գրիգորյան, ի՞նչ է անում իշխանությունը բանակն ուժեղացնելու համար։
-Ծիծաղելի բաներ եք ասում, իշխանությունն ամեն բան անում է բանակը լուծարելու համար։ Այս իշխանություններին բանակ պետք չէ, որպեսզի հզոր պետություն չունենանք։
-Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի արձագանքում Ալիևի այն հայտարարություններին, երբ վերջինս Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է անվանում։
-Իրեն ձեռք է տալիս այդ վիճակը։ Եթե մենք չունենանք պետություն, ապա ոչ ոք չի կարողանա Նիկոլ Փաշինյանին մեղադրել պետական դավաճանության համար ու դատապարտել։ Դրա համար Նիկոլին «ձեռք կտա» կործանել պետությունը և իր ալիևյան ձեռք բերած միլիարդներով որևէ 3-րդ երկրում ապրել և կյանքը վայելել։
-Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ արցախցիների մեծ մասը ցանկանում է լքել ՀՀ-ն։
-Իհարկե, իշխանությունը մի կողմից, բայց նաև վերաբերմունքը շատ մեծ կապ ունի, որ այդ մարդիկ ցանկանում են լքել մեր երկիրը։ Իրենց առաջ քաշած թեզը տարանջատման մասին շատ մեծ ազդեցություն ունի։ Ի՞նչ տարբերություն՝ արցախցի, գյումրեցի, թե լոռեցի, հայը հայ չի՞։ Արցախի ժողովուրդը մեր հողն ու ջուրն այսքան տարի պահում էր, բայց դավաճանվեցին, ու կործանվեց Արցախ աշխարհը։ Նման վերաբերմունք են դրսևորում տհաս, 5000 դրամանոց ՔՊ-ականները։
-Արդյո՞ք ՀՀ-ում պետք է ստեղծվի Արցախի կառավարություն։
-Բնականաբար, պետք է Արցախի պետական ինստիտուտները շարունակեն գործել։ Ես և իմ նման շատերը համարում են, որ Արցախը դավաճանված է, և ոչ մի իրականության մեջ պատրաստ չենք ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Մենք ձգտելու ենք, որ Արցախի մեր հայրենի հողը ժամանակի ընթացքում ետ վերադարձնենք։ Կլինի զենքի՞ ուժով, թե՞ դիվանագիտական, չգիտեմ, բայց հակված եմ զենքի տարբերակին, քանի որ բանակցություններով ոչ մի հարց չի լուծվում։
-Արցախը վերադարձնելու հույս ունե՞ք։
-Ե՞ս, հո՞ւյս։ Ես ոչ թե հույս եմ պահում, այլ համոզված եմ, որ վերադառնալու եմ։ Ո՞ւմ ա պետք մեր ապրելը, եթե այդքան ընկեր կորցնելուց հետո այսպես շարունակենք։ 2020 թվականից հետո ես Եռաբլուր չեմ գնում, ասելիք չունեմ իմ ընկերներին։ Գնամ ի՞նչ ասեմ իրենց, ո՞ւմ շիրիմի առաջ գլուխս կախեմ ու ասեմ՝ «կներես ինձ, մենք չկարողացանք պահել այն, ինչ ձեռք էինք բերել»։ Ես, ավելի լավ է, մեռնեմ, քան չվերադառնամ Արցախ։
Բանակը չի պարտվել, բանակին դավաճանել են։ Բանակը հիմա էլ կարելի է շատ կարճ ժամանակում վերաձևավորել ու շատ արագ անիվը շրջել հակառակ ուղղությամբ։ Ադրբեջանը հիմա իրեն հաղթանակած է զգում։ Հոխորտում է այն փաստի վրա, որ մեզ դավաճանել են, մենք չենք պարտվել, բայց մի թեթև ատամ ցույց տալն Ադրբեջանի համար աղետալի հետևանքներ է ունենալու։
-Ո՞րն է առաջին քայլը Արցախը վերադարձնելու համար։
-Իմ և իմ շրջապատի համար Նիկոլին վերացնելը գերխնդիր է։ Իշխանափոխությունն առաջնային խնդիրն է, որից հետո կլինի Արցախի վերադարձը։
Մարիա Զարգարյան