«Ճարահատյալ փոխանցեցի առաջին ամսվա վարձի կեսը»․ վարձով բնակարան փնտրողները նոր ծուղակի մեջ կարող են հայտնվել

«Ճարահատյալ փոխանցեցի առաջին ամսվա վարձի կեսը»․ վարձով բնակարան փնտրողները նոր ծուղակի մեջ կարող են հայտնվել

Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին դեպի Հայաստան մարդկանց հոսքն ավելացել է, ինչն էլ մեծացրել է վարձով տրվող բնակարանների պահանջարկը։ Այսօր Հայաստանում դժվար է նախկին գնով բնակարան վարձակալել, իսկ էժան բնակարան գտնելուց էլ պետք է շատ զգույշ լինել, որ խարդախության զոհ չդառնաք։

MediaHub.am-ի խմբագրությունը քաղաքացիներից ահազանգեր է ստացել, որ վերջին օրերին բնակարանների վարձակալության տարբեր կայքերում լավ պայմաններով բնակարանների հայտարարություններ տեղադրելով մարդկանցից խաբեությամբ գումարներ են վերցնում։

Մասնավորապես, քաղաքացիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ երկու շաբաթ առաջ List.am կայքում բնակարանի հայտարարություն է տեսել, որին կից մանրամասն լուսանկարներով ներկայացված է եղել բնակարանը։ Բնակարանի ամսական վարձը եղել է 100 հազար դրամ, մինչդեռ նույն պայմանով բնակարանների գները սկսում է 150 հազար դրամից։ «Երբ զանգեցի հայտարարության համարով, ինձ ասացին, որ այդ պահին բնակարանում վարձակալներ կան և այն կազատվի ապրիլի 1-ից և անձամբ չեմ կարող տեսնել բնակարանը, իսկ եթե ուզում եմ բնակարանը ես վարձակալեմ, կարող եմ կանխավճար թողնել։ Հավատալով ու ճարահատյալ փոխանցեցի առաջին ամսվա վարձի ուղիղ կեսը՝ 50 հազար դրամ։ Արդեն մեկ շաբաթ է, զանգում եմ այդ համարով, անհասանելի է, հայտարարությունն էլ հեռացվել է»,- ասաց մեր զրուցակիցը։

MediaHub.am-ը գրավոր հարցում է ուղարկել ոստիկանություն, խնդրելով վիճակագրություն տրամադրել, թե հունվարի 1-ից մինչև ապրիլ քանի անձ է նման դեպքով դիմել ոստիկանություն և ի՞նչ արդյունքներ կան։

Նշենք, որ նմանատիպ դեպքերը բազմաթիվ են, իսկ բոլոր դեպքերում սցենարը նույնն է։