Հերթական հակառուսական որոշումը․ գործարարներին այլևս չեն աջակցի, որ մասնակցեն Մոսկվայի ProdExpo-ին

Էկոնոմիկայի նախարարությունը, համահունչ Հայաստանի կառավարության ռուսատյաց քաղաքականությանը, հերթական հակառուսական որոշումն է ընդունել՝ վնասելով հայ գործարարներին։
Բանն այն է, որ տարիներ շարունակ ամեն տարի փետրվար ամսին Մոսկվայում անցկացվում էր ProdExpo սննդի և խմիչքների ցուցահանդես, որին հայ գործարարները մասնակցում էին՝ ռուսական շուկայի, ինչպես նաև այլ երկրներից ցուցահանդեսին մասնակից ընկերությունների համար ներկայացնելու իրենց արտադրանքը, ինչի շնորհիվ նոր գործընկերներ էին գտնում, և բիզնեսի նոր հնարավորություններ էին բացում իրենց համար։ Հայաստանի կառավարությունն էլ պետական միջոցների հաշվին հոգում էր հայ գործարարների՝ Մոսկվա մեկնելու, այնտեղ մնալու և տաղավար վարձակալելու ծախսերը։ Այս տարի, սակայն, կառավարությունը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության, հրաժարվել է այլևս աջակցել գործարարներին, որ նրանք մեկնեն Մոկսվա և մասնակցեն ProdExpo սննդի և խմիչքների ամենամյա ցուցահանդեսին։
Մինչդեռ, ժամանակին այս ցուցահանդեսին հայ գործարարների մասնակցությունը լայնորեն լուսաբանվում էր հատկապես պետական լրատվամիջոցների կողմից։
Մեզ ասացին, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործարարներին ասել է՝ «գնացեք, ձեզ համար այլ շուկաներ գտեք»։ Այսինքն՝ ռուսական շուկան այլևս մեզ հարկավոր չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը որոշել է «անկախանալ» Ռուսաստանից։ Նախարար Քերոբյանն էլ, գիտակցված կամ չգիտակցված ձևով առաջ է տանում Փաշինյանի՝ պատվերով հակառուսական ու դրանով իսկ հայ գործարարներին, արտահանողներին էապես վնասող քաղաքականությունը, մինչդեռ Քերոբյանի աշխատանքի արդյունքը պետք է լինի գործարարներին աջակցելը, նրանց համար աշխատելու հնարավորինս լայն դաշտ ստեղծելը, ոչ թե ինչ-որ անձանց հիվանդագին ամբիցիաներին տուրք տալով՝ գործարար ոլորտի համար խնդիրներ հարուցելը։
էկոնոմիկայի նախարարությունից Mediahub-ին ասացին, որ այս տարի չեն մասնակցում ցուցահանդեսին, քանի որ տարիների ընթացքում մասնակցելով ցուցահանդեսին՝ գործարարներն արդեն իսկ կապեր են հաստատել եւ գործընկերներ ձեռք բերել, ներկայացված եւ ճանաչելի են ռուսական շուկայում եւ այժմ առավել անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել շուկաները եւ գտնել նոր գործընկերներ այլ ուղղություններով ևս։
«Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ վերջին տարիների ընթացքում հայկական գինեգործական ընկերությունները մասնակցել են Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող ProdExpo սննդի և խմիչքների ցուցահանդեսին՝ ներկայանալով միասնական ազգային գինու տաղավարով։ Այս տարի Հիմնադրամը ցուցահանդեսին մասնակցություն չի պլանավորում, քանի որ մեր գործընկեր գինի արտադրողները մեծամասամբ ՌԴ-ում արդեն ունեն գործընկերներ, որոնք իրականացնում են վաճառքներ։
Իսկ հայկական գինու ճանաչելիությունը բարձրացնելու ու բարձր վարկանիշ ձևավորելու համար Հիմնադրամը ՌԴ-ում շարունակում է իրականացնել այլ ծրագրեր, մասնավորապես՝ «Արմվայն» փառատոնը, տարբեր թիրախային խմբերի համար կազմակերպվում են բազմաթիվ համտես-շնորհանդեսներ, վարպետության դասեր, գինու լրագրողների ու մասնագետների այցեր մեր երկիր և այլն»,- ասացին նախարարությունից՝ չհերքելով տեղեկությունն ու քողարկված հաստատելով իրենց որոշման հիմքում ընկած հակառուսական ենթատեքստը։
Հիշեցնենք, որ երբ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմը ֆիտոսանիտարիայի հետ կապված խնդիրներ էր հարուցել հայ արտահանողների համար, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փոխանակ ասեր՝ ամեն ինչ կանեն, որ ռուսական կողմի հետ խնդիրը արագ լուծեն, դարձյալ կրկնում էր իր թիմակիցների նույն հակառուսական թեզերը, թե՝ «թող ռուսական շուկայից հրաժարվեն, գնան, այլ շուկաներում իրենց բիզնեսը զարգացնեն»։ Վերջերս կայացած ասուլիսի ժամանակ ևս Քերոբյանը նույնը կրկնեց, որ իրենց թիրախը հիմա մերձավոր արևելյան շուկաներն են, որը, փաստորեն, ուզում են զարգացնել ոչ թե ռուսական շուկային զուգահեռ, այլ ռուսական շուկայի հաշվին։
Վահե Մակարյան