Հայաստանն ԱՄՆ կողմից դիտարկվում է որպես «սպառման գործիք» Իրանի և ՌԴ դեմ պատերազմում

Հայաստանն ԱՄՆ կողմից դիտարկվում է որպես «սպառման գործիք» Իրանի և ՌԴ դեմ պատերազմում

ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի ելույթը բավական մեծ մեսիջ է իր մեջ պարունակում Հայաստանի համար։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։ 

«Այլևս կասկած չկա, որ Հայաստանը Վաշինգտոնի կողմից դիտարկվում է որպես «սպառման գործիք» Իրանի և Ռուսաստանի դեմ պատերազմում, իսկ պատերազմը ոչ թե սառը կլինի, այլ բավականին թեժ...»,- կարծիք հայտնեց նա:

Մաթևոսյանը մատնացույց արեց, որ Վաշինգտոնում արդեն չեն թաքցնում, որ իրենք ցանկանում են, որ Հայաստանն Ադրբեջանի հետ պատերազմական գործողություններ իրականացնի Իրանի դեմ:

Ինչ վերաբերում է հարցին, թե «եթե դեռ 10 տարի առաջ մենք կարող էինք ասել, որ Հայաստանի ֆիզիկական գոյության երաշխավորը տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնությունն է, ապա այսօր, այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ո՞վ է Հայաստանի անվտանգության երաշխավորը, և ո՞ւր կհասցնի մեզ «խաղաղության խաչմերուկը»», Մաթևոսյանը նշեց. 

«Իշխանական քարոզչամեքենան հաճախ վախեցնում է հասարակությանը Հայաստանի դեմ «առասպելական ռուս-թուրքական դաշինքի» առկայությամբ։ Մինչդեռ իրականությունն այն է, որ իր քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանն ինքն է նպաստում Հայաստանի դեմ ռուս-թուրք-իրանական դաշինքի ստեղծմանը։ Նիկոլ Փաշինյանն այս միավորման ճարտարապետն է։ Երեկվա ԱՄՆ Կոնգրեսի նիստի հիմնական թեզն այն էր, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը պետք է լինի տարածաշրջանային ռազմաքաղաքական միավորը՝ Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան կոնֆիգուրացիայով, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լինեն «սպառման գործիք» Իրանի և Ռուսաստանի դեմ պատերազմ իրականացնելու ծրագրի շրջանակներում»։

Ապա քաղաքագետը հավելեց. «Մենք նոր ենք մտնում աշխարհքաղաքական վիթխարի ցնցումների շրջան։ Եվ Հայաստանը այդ ամենն անում է ելնելով կոնկրետ մեկ անձի անձնական շահերից՝ առաջնորդվելով նրա «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ չի լինի Հայաստան» սկզբունքով»:

Մարիա Զարգարյան