Իշխանությունն ուզում է նստի միանգամից երկու աթոռին՝ լինի ՀԱՊԿ անդամ, բայց չմասնակցի նիստերին

Ինչպես ավելի վաղ MediaHub-ը գրել էր, Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ ՀՀ վարչապետը չի կարողանա մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Եվ այս լուրի ֆոնին նորից ակտիվացան խոսակցությունները Հայաստանի կողմից համառորեն փոխվող արտաքին վեկտորի շուրջ:
Այնուամենայնիվ, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ասաց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից չի դուրս գալիս և ընդամենը այս քայլերով ցույց են տալիս իրենց դիրքորոշումը ՀԱՊԿ-ի գործունեության վերաբերյալ։ Ստացվում է, իշխանությունն ուզում է նստի միանգամից երկու աթոռին՝ և՛ լինի ՀԱՊԿ անդամ, բայց խուսափի և չմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովներին կամ զորավարժություններին։
Այս թեմայի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Արթուր Ղազարյանի հետ։
«Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից կամ ցանկանում է դուրս գալ, բայց Հայաստանը կորցրել է վստահությունը ու նաև ՀԱՊԿ մյուս գործընկերները Հայաստանի հանդեպ են կորցրել վստահությունը։ Այս ամենը հանգեցնում է հարաբերությունների սառեցմանը, որը կարող է բերել ՀԱՊԿ-ից դուրս գալուն։ Բայց այլընտրանքը ո՞րն է, սա է խնդիրը. ես, օրինակ, չեմ տեսնում, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի կամ ռազմական այլ բլոկի մաս կկազմի»,- ասաց քաղաքագետը։
Ղազարյանը նշեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը քաղաքական լուրջ որոշում է և պետք է պատրաստ լինել հետևանքներին։ Բայց Երևանն այսօր պատրաստ չէ այդ հետևանքներին, առավել ևս, որ դժվար է ասել, թե ինչ հետևանքներ կլինեն։ Վերլուծելով վերջին իրադարձությունները՝ լավ օրեր չեն սպասվում։
«Կարող ենք մեղադրել ռուսական կողմին, բայց ինքներս մեզ նայենք. այս ընթացքում, որպես ռազմաքաղաքական բլոկի մասնակից, վստահելի գործընկեր արդյո՞ք արել ենք բոլոր քայլերը ճշգրտությամբ կամ ՀԱՊԿ առաքելության և նպատակներին համապատասխան։ Քաղաքական այդ որոշումը հետևանքներ է ենթադրում և պատահական չէ, որ դիվանագիտական պատասխաններ են հնչում կապված այդ հարցի հետ»,- ասաց նա։
Ըստ քաղաքագետի, Ռուսաստանի համար Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի, այդ մասին նշել է նաև Լավրովը։ Հետևապես այս կոնտեքստում համապատասխան քաղաքական որոշում պետք է կայացնել։
«Այդ որոշումից հետո հասկանալ, թե ի՞նչ ենք ուզում՝ «անորոշ խաղաղություն», թե որ Հայաստանն անկախ իր կամքից մաս կազմի պատերազմների, հարձակումների հարևան թշնամական երկրների կողմից, գոնե մինիմում շահած դուրս գալու համար ի՞նչ է հարկավոր։ Պետք է հստակ հասկանանք մեր ակնկալիքն ի՞նչ է, մենք ի՞նչ ենք ցանկանում: Չեմ կարծում, որ աշխարհում կա երկիր, որ խաղաղություն չի ցանկանում։ Խաղաղություն ցանկանալը մի բան է, խաղաղություն ստանալը՝ այլ բան, բայց գինը ո՞րն է խաղաղության»,- եզրափակեց Ղազարյանը։
Մարիաննա Արամյան