Մենք կապրիզ չենք անում, պարզապես ուզում ենք արժանապատիվ ատեստացիայի գնալ․ Շողեր Բաբայան

Կամավոր ատեստավորման մասին խոսակցություններն ու բողոքները չեն դադարում։
Սեպտեմբերին Երևանի, մարզերի տարբեր դպրոցներում աշխատող ուսուցիչները մի քանի բողոքի ակցիաներ իրականացրեցին և հանդիպեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, սակայն դժգոհ մնացին և պահանջեցին իրենց հարցերին այլ լուծումներ տալ։
Համացանցում արագորեն տարածվեց այն լուրը, որ Արտենիի միջնակարգ դպրոցի տնօրենը չի թողել, որ ռուսաց լեզվի ուսուցիչը մտնի դասարան, քանի որ երկրորդ անգամ չի անցել կամավոր ատեստավորումը։
Բողոքի ալիքի բարձրացումից հետո Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ատեստավորման կարգում նախաձեռնել են մի շարք փոփոխություններ՝ ատեստավորումն անցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար դրույքաչափը կհասցնեն 200 հազար դրամի, իսկ չատեստավորված, սակայն երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած և 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ մասնակցել հաջորդ ատեստավորմանը և մինչև այդ աշխատանքի շարունակության խնդիր չեն ունենա։
Ինչո՞ւ են լռում ուսուցիչները, ի՞նչ զարգացումների սպասել և ի՞նչ գին է վճարելու Հայաստանը ուսուցիչների լռության դիմաց։ Այս հարցերին MediaHub-ի հետ զրույցում «Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող Շողեր Բաբայանի հետ։
«Մենք նոր պահանջ չունենք, մենք միայն ուզում ենք, որ նախնական լինի շտեմարան կամ հարցաշար, ինչպես և մյուս մասնագիտությունների ատեստացիայի ժամանակ է լինում: Եվ եթե ատեստացիան կոչվում է կամավոր, թող իրոք կամավոր սկզբունքով լինի։ Մենք կապրիզ չենք անում, պարզապես ուզում ենք արժանապատիվ ատեստացիայի գնալ»,- նշեց մեր զրուցակիցը։
Շարունակելով իր խոսքը՝ ուսուցիչը նշեց, որ վերջին 3 տարիների ընթացքում իրենք բողոքել են, և բացատրել են՝ ինչն է խնդիրը, սակայն իրենց ձայնը լսելի չի եղել, և շարունակել են նույն ձևով։
«Նախորդ տարի ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը, որի ժամանակ ատեստացիայի հետ կապված հարցերն էինք քննարկում, տիկին Անդրեասյանը խոստացավ, որ 2023թ-ին արդեն թեստերը կլինեն համակարգչով գեներացված, այլ ոչ թե գրված ինչ-որ մարդկանց կողմից։ Չգիտեմ՝ ինչո՞ւ չեն հասցրել, բայց այնուամենայնիվ խոստումը չի պահվել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Տիկին Բաբայանի խոսքով՝ խնդիրը գուցև ԳԹԿ-ն է, քանի որ ԳԹԿ աշխատողները բավական ծաղրական տոնով էին խոսում ուսուցիչների հետ․ «Ամեն կերպ փորձելով ցույց տալ, որ «ուսուցիչն անգրագետ է, ուսուցիչը եթե չի կարողանում, ուրեմն չպիտի աշխատի»։ Այս թեստերով հենց դրան են իրենք տանում, որպեսզի իրենց առաջ բերած թեզերը փորձեն արդարացնել։ 35,000 ուսուցիչ ունենք, և չի կարող ուսուցիչների մեծամասնությունն անգրագետ լինել»։
«Մի տարի թեստերը հեշտ են լինում, մի տարի դժվար։ Վառ օրինակ են անգլերենի թեստերը։ Եվ ստացվում է, որ նախորդ տարի 70 %-ը հաղթահարած ուսուցիչն այս տարի անգամ 50%-ի շեմը չի հաղթահարել։ Խնդիրը լրջագույն է, և բալանսը խախտվում է։ Եվ ստացվում է, որ եթե իմ բախտը բերի, ու ես հայտնվեմ ատեստացիային այն տարի, որ թեստերը հեշտ են, ավելի բարձր արդյունք ցույց կտամ։ Եթե բախտս չբերի, ու թեստ գրողները լավ տրամադրություն չունենան, ես կտուժեմ, ընդհուպ մինչև աշխատանքս կարող եմ կորցնել, նման դեպքեր նույնպես եղել են։ Ստացվում է, բախտի բան է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով մեր հարցին այն մասին՝ ինչո՞ւ են լռում ուսուցիչները և ինչո՞ւ են համակերպվում նախարարի բոլոր որոշումների հետ, և ի վերջո պատմության 7-րդ դասագրքի շուրջ բոլորը սպասում էին ուսուցիչների բողոքի ձայնին և մերժմանը, սակայն լռությունը շարունակվում է։
«Ես կոչ եմ անում պատմության ուսուցիչներին իրոք հավաքվել և ներկայացնել իրենց կարծիքը։ Քանի որ խնդիրը միայն քարտեզի մեջ չէ, խնդիրները բազմաթիվ են, և մենք շատ բարձր գին ենք վճարելու դրա համար։ Ուսուցիչների լռությունը բերեց այս վիճակին, ու չգիտեմ, թե դեռ ինչքան կլռեն։ Ես անգամ չգիտեմ՝ ինչքան կմնամ այս ոլորտում, հաշվի առնելով այն չնչին աշխատավարձը, որ ստանում են ուսուցիչները։ Դպրոցում մնալու և աշխատելու որևէ մոտիվացիա չունի ուսուցիչը։ Կրթությունը խրամատ է, որտեղ մենք անկախ աշխատավարձից երկրի անվտանգության հարցն ենք լուծում։ Եվ հենց դա է պատճառը, որ այսօր համակարգում դեռ այսքան ուսուցիչ ունենք, ավելի վեհ արժեքներ են տեսնում, քան աշխատավարձերը»,- եզրափակեց տիկին Բաբայանը։
Մարիա Զարգարյան