Անհետ կորածների ծնողներին «փնթիներ» ասած ՔՊ-ական պաշտոնյայի և լրագրողի գործով դատական նիստը հետաձգվեց

Անհետ կորածների ծնողներին «փնթիներ» ասած ՔՊ-ական պաշտոնյայի և լրագրողի գործով դատական նիստը հետաձգվեց

Անհետ կորածների ծնողներին «փնթիներ» ասած ՔՊ-ական պաշտոնյայի և լրագրողի գործով դատական նիստը հետաձգվեց։ Նշենք, որ այն անցավ դռնփակ ռեժիմով, քանի որ հայցվոր կողմը կանխակալ վերաբերմունք դրսևորեց և պնդեց, որ լրատվամիջոցներին հրավիրել է պատասխանող կողմը, մասնավորապես՝ լրագրող Լիա Սարգսյանը։

Նշենք, որ հայցվոր Սերոբ Սարգսյանը, որը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետն է, չէր ներկայացել դատական նիստին։ 

Այսօրվա նիստի ընթացքում վկաներից Անահիտ Մանասյանը, որը անհետ կորած զինծառայողներից մեկի մորաքույրն է, վերահաստատեց, որ Սերոբ Սարգսյանն իրենց կողմ նայելով ասել է՝ փնթիներ։

Տեղեկացնենք, որ նիստը շարունակվելու է հունիսի 30-ին՝ ժամը 14:00-ին, Արմավիրի մարզի ընդանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում։

Հիշեցնենք, որ դատական նիստի առանցքում անցած տարի ապրիլի 30-ին Երևանի Նալբանդյան փողոցում Ցորի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողների և Սերոբ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպն է։ Դեպքի օրը երեկոյան լրագրող Լիա Սարգսյանը «ֆեյսբուքյան» իր էջում հրապարակել էր միջադեպի վայրից լուսանկար և գրել․

«Նալբանդյան փողոցի այս խանութի աշխատակիցը զոհվածների ծնողների երթը տեսնելիս նրանց անվանեց՝ փնթիներ: Հռհռում էր ընկերների հետ։ Եթե դու քեզ համարում ես բարոյական մարդ, երբեք չմտնես այս խանութ»։ Այնուհետև, ճշտելով զոհվածների ծնողներին «փնթիներ» ասած անձի ինքնությունը, խմբագրել էր գրառումը։ 

«Զոհվածների ծնողներին «փնթիներ» ասած անձը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է՝ Սերոբ Սարգսյանը: Խնդրեմ: Եվ այս ստորի համար զոհվել են հազարավոր տղերք, և այս ստորը ապրում է ձեր կողքին: Ի դեպ, տեղեկացրին, որ այս ստորը իբր կապ չունի խանութի հետ, պարզապես վախից մտավ խանութ, դուռը ներսից փակեց ու հայտարարեց. «մասնավոր տարածք ա, դուրս եկեք»: (Խմբագրված) Քիչ առաջ տեղեկացրին, որ խանութն իրենն է»,-գրել էր նա: 

Սերոբ Սարգսյանը դիմել է դատարան՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով։ Դատական նիստին վկայի կարգավիճակով ներկա կլինեն 44-օրյա պատերազմում Ցորի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները։