ՀՅԴ գործունեությունը կասեցվելո՞ւ է

ՀՅԴ գործունեությունը կասեցվելո՞ւ է

Երեկ դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը, ով հարվածել էր ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին, ազատ է արձակվել՝ թեև վաղաժամ է խոսել, թե այս գործի իրավական հետևանքները վերջացած են:

Ավելին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը հուշում է, որ իշխանություններն ավելի հեռահար նպատակներ ունեն: 

«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ, և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ: Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու: Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն է լինելու»,- գրել է Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում:

Արդյո՞ք սա ենթադրում է, որ իշխանությունները համակարգված պայքար են տանելու ՀՅԴ դեմ, որը կարող է ավարտվել ավանդական կուսակցության գործունեության կասեցմամբ:

Սիմոնյանը նշել է երեք միջադեպեր, որոնց փոխկապակցվածությունը, մեղմ ասած, վիճահարույց է, եթե չասենք՝ արհեստական է:

Մյուս կողմից, ՀՅԴ դեմ արշավն իշխանությունը փորձում է կապել նաև արտաքին ենթատեքստի հետ՝ կեղծ պատրանք ստեղծելով, թե իբրև խաղաղությունը պաշտպանվում է ՀՅԴ «ոտնձգությունից»:

Կարևոր չէ, թե ինչպես ենք վերաբերում ՀՅԴ գործունեությանը: Եթե հանդուրժենք, որ Հայաստանում քաղաքական դրդապատճառներով կուսակցություն փակվի, ապա ճանապարհ ենք բացելու անշրջելի ավտորիտարիզմի համար:

Վահրամ Բագրատյան