Առգրավված միսն այրելու գումարը տնտեսվարողն է տալու

Առգրավված միսն այրելու գումարը տնտեսվարողն է տալու

Գումի շուկայից առգրավվել է միայն ոչ սպանդանոցային մորթի միս։ Այդ մասին MediaHub-ին հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Թե որքան միս է առգրավվել, դեռևս հայտնի չէ, բայց խոսքը մոտավորապես մեկ տոննայի մասին է։

«Օրվա վերջում, կամ երկուշաբթի օրը կհրապարակենք թիվը։ Տարածքում նաև մարզային տեսուչներ են աշխատել, իրենք պետք է իրենց արձանագրած տվյալները տրամադրեն, որպեսզի հստակ թիվ հայտնենք»,- նշեց նա։

Հարությունյանը նկատեց՝ ամենօրյա գրաֆիկով իրենք ստուգայցեր են իրականացնում, և մսամթերքի շուկայից առգրավվում են միսն այն դեպքում, երբ սպանդանոցային մորթի մասին կնիքն ու  «5-րդ ձևի» անասնաբուժական վկայականը չկան։

«Այդ ամբողջ միսը տեղում կշռվում է, ներկայացվում տնտեսվարողին, քանի որ միսն այրելու գումարը ՎԻՎ օրենսգրքի համաձայն, տալիս է հենց տնտեսվարողը»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ տեղում աշխատող լրագրողներն ասում էին, որ միսը չի կշռվել, Անուշ Հարությունյանն արձագանքեց՝ անհնար է, ամեն ինչ արվել է օրենքի սահմանում։

«Մենք գիտենք, որ խոշորացույցի տակ ենք, և անհնար է, որ նման խախտում թույլ տայինք»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ ՍԱՏՄ տեսուչները առավոտյան 09:00-ի փոխարեն շատ ավելի շուտ են այցելել շուկա, ապա Հարությունյանն ասաց, որ դա արվել է նրա համար, որպեսզի պարզ լինի՝ ինչ մեքենայով է միսը բերվում, արդյո՞ք պահպանված են անվտանգության կանոնները։

«Եթե սառնարան մեքենայով չի միսը հասցվում շուկա, եթե անգամ սպանդանոցային մորթ է արվել, միևնույն է, միսն առգրավվում ու վառվում է»,- ամփոփեց խոսքը մեր զրուցակիցը։

Նարե Գնունի