Աստված գիտի՝ ինչ է կատարվում Ուկրաինայում, զոհված զինվորների մեջ կարող են նաև հայեր լինել․ Սինանյան

Աստված գիտի՝ ինչ է կատարվում Ուկրաինայում, զոհված զինվորների մեջ կարող են նաև հայեր լինել․ Սինանյան

Հանրությունը չի ասում, որ ԱԳՆ-ն և Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը Ուկրաինայի հայ համայքին աջակցելու համար քայլեր չի ձեռնարկում, կարող են ասել տարբեր անհատներ՝ տարբեր շարժառիթներով։ Այս մասին Mediahub.am-ի հետ հարցազրույցի ընթացքում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով հարցին, թե կոնկրետ ի՞նչ գործողություններ են արվում մեր հայրենակիցներին օգնելու համար, քանի մեր  հանրության շրջանում հնչում են քննադտություններ, որ այս երկու կառույցը տարհանում չեն իրականացնում, կոնկրետ տեղեկատվություն հայ համայնքի վերաբերյալ չեն տրամադրում։

«Մենք անընդհատ կապի մեջ ենք մեր համայնքի հետ, չկա որևէ պետություն, որը տարհանած լինի ժողովուրդ Ուկրաինայի տարածքից։ Ինչ անիրատեսական սպասելիքներ ունի որոշ խավ, որ ասում են՝ չենք տարահանում, կամ չենք տարահանել․․․տարհանելու նախ պահը չի եկել։ Ինչպես երեկվա ԱԳՆ հայտարարության մեջ նշված էր՝ մտածում ենք նաև տարհանման տարբերակների մասին, բայց քանի որ իրավիճակը շատ հեղհեղուկ է և անընդհատ փոխվում է, չենք էլ կարողանում պլանավորել, թե որտեղից տարհանենք, արդյոք մարդկային հոսքի ծավալները բավարար են, անվտանգության խնդիրն էլ կա»,-ասաց նա։

Ըստ Սիանանյանի՝ այն, որ օդային ճանապարհները փակ են, շատ է  բարդացնում խնդիրները։ Անդրադառնալով ՀՀ այն քաղաքացիների հայտարություններին, թե փորձում են վերադառնալ ՀՀ դեսպանատունը ոչնչով չի օգնում, Սինանյանն ասաց․

«Կարող են նման դեպքեր լինել, դա  կապված է ընդհանուր խառը իրավիճակի  հետ, պատկերացրեք, ինչպես դուք  նշում եք, ՀՀ քաղաքացի Արման Կարապետյանը ուզում է դուրս գալ Ուկրաինայի տարածքից և դիմում դեսպանատուն, ինչպե՞ս կարող է դեսպանը իրեն հանել Ուկրաինայից, բացի նրանից, որ խորհուրդ տա՝ գիտեք Լեհաստանի  կամ այս երկրի սահմանը բաց է  գնացեք, կարող եք ձեր ընտանիքներին տանել, ընտանի կենդանիներին տանել․․․ Ինչպե՞ս կարող են  դեսպանը,  ՀՀ-ն ռազմական գոտուց տարհանել որևէ մեկի»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ իսկ գոնե հումանիտար աջակցություն ՀՀ-ն չի ցուցաբերելու, Զարեհ Սինանյանն ասաց, որ սա էլ է  կապված իրավիաճակի գնահատման հետ։

Անդրադառնալով հարցին՝ ճշգրիտ են պաշտոնապես ասվող տվյալները, թե հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չունենք, թե պարզապես տեղեկատվության չենք տիրապետում, Զարեհ Սինանյանն ասաց․

«Աստված գիտի՝ ինչ է կատարվում այնտեղ, մի քաղաքում, գյուղում որտեղ հայեր կան ու այն դարձել է  տանկային ճակատամարտի գոտի։ Հազարավոր զոհեր կան երկու կողմի զինվորականների մեջ. բնական է, որ լինելու են զոհեր նաև հայկական ծագում ունեցող զինվորականների թվում, դա անխուսափելի է, հետևաբար, երբ որ հայտնի կդառնան ցուցակները, պարզ կլինի, եթե տեսանյութերը տեսել եք՝ կիսապարտիզանական կռիվ է գնում, ռմբակոծություններ են, շատ մարդկանց մարմիները անճանաչելի են»,-ասաց նա։

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում: