Արցախի «դոնբասացո՞ւմ»...

Մոսկվայում երեկ տեղի են ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցություններն ու ասուլիսը։
Ասուլիսում Ռուսաստանի ԱԳ նախարարը հանդես է եկել ուշագրավ մի հայտարարությամբ.
«Մենք աջակցում ենք Բաքվի և ԼՂ հայերի միջև անվտանգության երաշխիքների ու իրավունքների հարցով ՀՀ վարչապետ Փաշինյանի դիրքորոշմանը։ Այդպիսի օրինակներ կային Մինսկի համաձայնություններում՝ Արևելյան Ուկրաինայի բնակիչների վերաբերյալ։ Այդ իրավունքների մեջ մտնում են մայրենի լեզվի, կրթության իրավունքը, ապրելն ու աշխատելն այդ լեզվով, մշակույթը պահպանելը, կրոնը պահպանելը, տեղական ինքնակառավարում ունենալը, հատուկ տնտեսական ու առևտրային կապեր ունենալն իրենց հայրենակիցների հետ։ Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր։ Մոտավորապես, այդպիսի իրավունքներ են նախատեսվել 10 տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև ստորագրված համաձայնության մեջ՝ «Կոսովոյի սերբական տեղական ինքնակառավարման մարմինների» ստեղծման մասին համաձայնագրով։ Ես կարծում եմ, որ ղարաբաղցիների համար անհրաժեշտ է մոտավորապես այդպիսի իրավունքների փաթեթ»։
Իհարկե, Հայաստանի ու Արցախի հասարակության համար դժվար է նման հայտարարություն լսելը, այն «մարսելը»:
Մյուս կողմից, ի՞նչ էինք սպասում 44-օրյա պատերազմից հետո, արդյո՞ք կարծում ենք, թե հնարավոր է գին չվճարել այդ պատերազմի պարտության համար:
Կամ՝ արդյո՞ք արևմտյան կարգավորման որևէ տարբերակ ավելի բարձր կարգավիճակ է նախատեսում ԼՂ-ի համար: Ցավոք, հակառակի մասին պնդումներն ավելի շատ են, մանավանդ, որ Բրյուսելի պատկերացումներում որոշակիացված չէ «միջազգային մեխանիզմ» ասվածը կամ խոսք անգամ չկա խաղաղապահ առաքելության մասին:
Ու դարձյալ՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման անհրաժեշտության մասին, ստորագրում է Պրահայի հայտարարությունը, որտեղ որևէ երաշխիք չի ստանում ԼՂ սուբեկտության ու ժողովրդի անվտանգության վերաբերյալ, բայց մենք շարունակում ենք կարծել, թե միջազգային հանրությունը «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» պետք է լինի:
Այդպես չի լինում անգամ հեքիաթներում:
Վահրամ Բագրատյան