Ինչո՞ւ կալանավորվեց Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն»

Ինչո՞ւ կալանավորվեց Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն»

Քիչ առաջ MediaHub-ը հայտնեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարությանը ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ, կալանավորվեց:

«Անպիտան հրթիռների» գործով անցնող Գալստանը Վերաքննիչ դատարանի 2021թ․-ի մայիսի 17-ի որոշմամբ ազատ արձակվեց։ Ենթադրյալ անորակ հրթիռները մատակարարող ընկերության ղեկավար Գալստյանին գրավի դիմաց ազատ թողնելու դատարանի որոշումը հիմնավորվում է Գալստյանի կողմից՝ ենթադրյալ պատճառված վնասի փոխհատուցմամբ, որն էապես նվազեցնում է նրա կողմից քննությանը խոչընդոտելու հանգամանքը։

MediaHub-ի տեղեկություններով, նրա կալանավորումը պայմանավորված է «անորակ հրթիռների» գործից անջատված մասով։ Գործին առընչվող բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որն էլ նրան կալանավորելու հիմք է հանդիասացել։

Նշենք, որ «անորակ հրթիռների» գործը քննվում է հակակոռուպցիոն դատարանում։ 12 ամիս առաջ սկսված դատավարության հերթական նիստը պետք է կայանար այսօր։ Ինչպես MediaHub-ի հետ զրույցում ասաց սույն գործով անցնող առանձնապես խոշոր չափերի յուրացման համար մեղադրվող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը՝ նիստը հետաձգվել է գործով անցնող մեղադրյալներից Դավիթ Գալստյանի բացակայության պատճառով։

Հիշեցնենք, որ ռազմական գաղտնիք չհրապարակելու պատճառաբանությամբ դռնփակ նիստին գործով անցնող բոլոր 7 մեղադրյալներն են՝ Դավիթ Տոնոյանը, բանակին հրթիռներ մատակարարած ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), պաշտոնական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը, ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։ Ըստ ԱԱԾ-ի, հիշյալ քրեական գործի հիմք է հանդիսացել ՀՀ զինված ուժերին մոտ 4 մլն 700 հազար ԱՄՆ դոլարի ժամկետանց, անորակ, նպատակային օգտագործման համար անպիտան հրթիռների գնումը։

Ավելի վաղ գրել էինք, որ մեղադրվող 7 նախկին բարձրաստիճան զինվորականներից միայն մի քանիսն են այս պահին կալանքի տակ։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման օրոք նախարար նշանակված ու պատերազմից մի քանի օր անց պաշտոնից հեռացած Դավիթ Տոնոյանը ավելի քան մեկ ու կես տարի է կալանքի տակ է։ Դատարանը չի բավարարել գրավի դիմաց Տոնոյանին ազատ արձակելու միջնորդությունները, այնինչ մյուս մեղադրյալների դեպքում կա՛մ փոխվել է խափանման միջոցը, օրինակ Դավիթ Գալստյանինը, կա՛մ էլ կալանավորման միջնորդություն չի ներկայացվել։

 

Լիա Սարգսյան