«Որովհետև իրենց կարծիքներն առաջ էլ չէին տանի». ինչու ՔՊ-ականները չեն հանդիպել Հայկ Սարգսյանի հետ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի երեկվա նիստի ընթացքում քննարկվում էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը։ Նիստի ընթացքում նախագծին ընդդիմացողներ շատ եղան. Օրինակ, որոշ դրվագներ չէր ընդունում ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, որոշ դրվագներ չէր ընդունում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, ըստ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի ևս անընդունելի կետեր կային։
MediaHub-ի հետ զրույցում Հայկ Սարգսյանը ներկայացրեց, որ իր նախագիծը երկու հարց է ներառում։
«Առաջին՝ գործող կարգավորումներով ծառայությունից խուսափած և քրեական հետապնդման տակ գտնվող քաղաքացիները չեն կարող ծառայել, պետք է այս քաղաքացիներին ծառայելու հնարավորություն տալ, իսկ եթե ծառայել չեն կարող, պետք է գումար վճարեն, բայց ընդդիմախոսներն ասում են՝ դուք օրինականացնում եք փողով չծառայելը, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Քրեական օրենսգրքում բազմաթիվ հոդվածներ կան, որոնցով պատիժ է սահմանվում՝ ազատազրկում կամ տուգանք։ Անտրամաբանական է այս նախագիծը հրեշ դարձնել, ասելով, թեև չի կարելի գումարով ազատել քրական պատասխանատվությունից։ Եթե չի ծառայում, հրաժարվում է իր պարտադիր զինվորական ծառայությունից, այլ ի՞նչ տարբերակով իրեն պարտավորեցնենք պարտքը տալ, պետության համար ավելի նպատակահարմար չէ՞ նրանից օգուտ ստանալ գումարի տեսքով քան որևէ օգուտ չստանալ։ 27 տարին լրացած 5000-ից ավելի քաղաքացիներ խուսափել են ծառայությունից, օրենքի տրամաբանությունն ասում է՝ «եկեք ծառայեք 2 տարի, եթե չեք կարող 2 տարի ծառայել՝ ծառայեք 1 տարի և գումար վճարեք, եթե չեք կարող 1 տարի ծառայել, 6 ամիս ծառայեք և վճարեք 5 մլն դրամ, եթե ծառայելը ինչ-ինչ պատճաներով անհարին է ձեզ համար, ապա վճարեք 15 մլն դրամ ու ազատվեք քրեական պատասխանատվությունից»։ Եթե նշված տարբերակներից որևէ մեկը չընտրի ծառայությունից խուսափած քաղաքացին, մնում է միայն նրան դատապարտել ազատազրկման, որը որպես կանոն չի լինում, որովհետև բոլորն էլ գտնում են տարբերակ դրանից խուսանավելու»,- ասաց նա։
Հայկ Սարգսյանի խոսքով՝ բոլորը գտել են դատարանով պատասխանատվությունից խուսափելու տարբերակը, ըստ նրա՝ բոլորի գործերը նույն տեսքն ունեն, պարզապես այլ անուն ազգանունով։
«Տեսեք, այդ դատական գործերը նույն բովանդակությունն ունեն։ Քաղաքացին ասում է՝ սխալ եմ արել, որ խուսափել եմ ծառայությունից, հիմա ուզում եմ ծառայել, դատավորը մեղադրող կողմին ասում է՝ «տարեք ծառայության», դատախազն էլ ասում է՝ «այս տարիքի քաղաքացուն չենք կարող տանել ծառայության», դատարանն էլ գործը կարճում է։ 2021 և 2022 թվականներին 779 քրեական գործերից ընդամենը 2 -ի դեպքում է դատարանը որոշում կայացրել դատապարտելու ազատազրկման, մնացած բոլոր դեպքերում քրեական գործերը կարճվել են արդարացնող կամ ոչ արդարացնող հիմքերով։ Բայց հիմա, եթե այս օրենքն ընդունում ենք ու ասում ենք՝ «եթե մինչև 27 տարեկան չես ծառայել, արի 27-37 տարեկան ծառայի, ինքը նույն պատասխանը չի կարող տալ դատարանում». պետք է գնա ծառայության, մանիպուլյացնել չի կարող ու ստիպված է լինելու կա՛մ ծառայել, կա՛մ գումար վճարել պետական բյուջե»։
Հաջորդ խնդիրը, որը նիստի ժամանակ քննարկվում էր, նոր քաղաքացիություն ստացող անձանց ծառայության տանելու հարցն էր։ Սարգսյանի խոսքով՝ արական սեռի ներկայացուցիչները մինչև 27 տարեկանը չեն դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, որպեսզի չծառայեն։ 2022 թվականին մոտ 14 հազար արական սեռի քաղաքացի դիմել է քաղաքացիություն ստանալու համար միայն 27 տարին լրանալուց հետո և չի ծառայել։
«Իմ առաջարկով 27 տարին լրանալուց հետո քաղաքացիություն ստացող անձինք ևս պետք է պարտադիր 1 տարի ծառայեն կամ գումար վճարեն։ Կառավարությունում քննարկման ժամանակ փոխվարչապետը կողմ էր առաջարկին, ՆԳՆ ներկայացուցիչը խնդրեց ձեռնպահ մնալ կարգավորումից, իսկ երեկ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը դեմ էր, ասում է՝ խտրական է։ Ինձ համար գործող կարգավորումներն են խտրական, քանի որ ՀՀ-ում ծնված քաղաքացին գնում-ծառայում է, հազար խնդիրների առաջ է կանգնում ծառայության ժամանակ, իսկ 27 տարեկանում քաղաքացիություն ստացողները որևէ պարտավորություն չունեն պետության առաջ»։
Հարցին՝ ինչո՞ւ են ՔՊ-ական գործընկերները հրաժարվել Սարգսյանի հետ հանդիպումից և իրենց անհանգստացնող հարցերն ավելի վաղ չեն ուղղել, վերջինս պատասխանեց․ «Որովհետև ինձ հետ հարց ու պատասխան ունենալուց հետո չէին կարող իրենց կարծիքներն առաջ տանել, ես ամեն ինչ փաստարկված եմ ներկայացրել, իրենց դիտարկումները անտրամաբանական են և ոչ հիմնավոր»։
Նախագիծը, ամեն դեպքում, ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգում, պատգամավորի խոսքով՝ իր առաջարկներից 10 տոկոսը չի ընդունվել, որն իր դիտարկմամբ շատ վատ է։ «Հետո որոշ փոփոխություններ կարող ենք անել, բայց ինչու չստանալ առավելագույն օգուտներ հիմա։ Որքան հետաձգվի իմ առաջարկների ամբողջական ընդունումը, այդքան պետությունն է հավելյալ ռեսուրսներ կորցնելու, ինչը շատ մտահոգիչ է և անթույլատրելի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Լիաննա Թորոսյան