Հերքում, որ նման է հաստատման

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն օրերս հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե իբր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնանկ է արվելու։
Արդյո՞ք այս հերքումից հետո Պապիկյանի հնարավոր պաշտոնանկության թեման փակված է:
Վստահաբար՝ ոչ:
Բանն այն է, որ գրեթե ամեն օր ԶԼՄ-ները գրում են այս կամ պաշտոնյայի հնարավոր պաշտոնանկության կամ հրաժարականի մասին: Այս առումով, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ռեկորդակիր է: Բայց մամուլի արտահոսքերին կառավարությունը գրեթե չի անդրադառնում ու, ըստ էության, ճիշտ էլ անում է, որովհետև չի ցանկանում տրվել ընդդիմախոսների քաղաքական կամ ինֆորմացիոն օրակարգերին:
Պապիկյանի դեպքը բացառություն եղավ:
Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունն՝ իր հերքումով, ավելի շատ նպաստեց, որպեսզի թեման «տաք» մնա, որովհետև ակնհայտորեն Պապիկյանի ու նրա հրաժարականի թեման շարունակեցին մնալ լրահոսի առաջին տողերում:
Հիմքեր ունենք կարծելու, որ Պապիկյանի պաշտոնանկության կամ այլ աշխատանքի տեղափոխման քաղաքական որոշումը կայացված է, պարզապես՝ Փաշինյանը սպասում է պատեհ քաղաքական առիթի կամ էլ՝ դեռ որոշում չունի, թե ում է նշանակելու պաշտպանության նախարարի պաշտոնում:
Ասվածի հավելյալ ապացույց է այն փաստը, որ իշխանամերձ կոնկրետ ԶԼՄ-ներ հետևողականորեն շարունակում են Պապիկյանին թիրախավորելու, նրա անունը կոռուպցիոն սկանդալների հետ կապելու գիծը։
Վահրամ Բագրատյան