Կապիտանին դոզայի տակ բերում են, տանում, որ անուններ չտա. Ազատի հրդեհից զոհված զինծառայողի հայր 

Կապիտանին դոզայի տակ բերում են, տանում, որ անուններ չտա. Ազատի հրդեհից զոհված զինծառայողի հայր 

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված ողբերգական հրդեհից, որի հետեւանքով զոհվել են 15 զինծառայողներ, 3-ը՝ վիրավորվել, անցել է 10 ամիս։ 

Դատավարությունից ի՞նչ սպասելիքներ ունեն զոհված զինծառայողների ծնողները. հարցի պատասխանը ստանալու համար MediaHub-ը կապ հաստատեց հրդեհին զոհ գնացած զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հոր՝ Գաբրիել Կիրակոսյանի հետ։ 

«Այս Կառավարությունից ոչ մի սպասելիք էլ չունեմ»,- ասաց Կիրակոսյանը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի լույս 19-ի գիշերը, իսկ հունվարի 19-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանն արդեն այդ գործը փակեց։ 

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր՝ ըստ նախնական տվյալների, «սպան 5 լիտրանոց տարայով վառելիքը փորձ է արել բացել, լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ հետո արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաև բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, ենթադրում ենք, բնականաբար, կամ մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ, այդ իրավիճակում, որից հետո, պարզ է, թե ինչ է տեղի ունեցել»:

Գաբրիել Կիրակոսյանի խոսքով՝ ամեն ինչ արվում է, որ Փաշինյանի այս հայտարարության կոնտեքստը պահպանվի։ 

«Իրենք ամեն ինչ անում են, որ ծնողները գնան «սամասուդի»։ Ուզում են՝ մենք այլ կերպ հարցը լուծենք։ Էն, որ մեր ընտանիքները քանդեցին, հիմա էլ ամեն ինչ անում են, որ մենք մի բան անենք, ամբողջապես մեր տները քանդվեն, գնան։ Հիմա եթե ես մեկին տամ, սատկացնեմ, ինձ կտանեն, կփակեն։ Իմ մեղքի բաժինը ո՞րն էր, որ ես երեխա եմ տվել էս անտեր պետությա՞նը։ Էս մենակ իմ հարցը չի, մեր ամբողջ ժողովրդի հարցն է»,- նշեց հրդեհի հետևանքով զոհված տղայի հայրը։ 

Նա խոստովանեց, որ նախաքաննության ժամանակ մի փոքր հույս եղել է, որ գործը կբացահայտվի, բայց հիմա այդ հույսը չկա։

«Նախաքննության ժամանակ էլ ամեն ինչ տարվեց պետական վարկածն առաջ քաշելու նպատակով, հիմա էլ։ Մի չորս-հինգ թույլ օղակ են գտել, ամեն ինչ նրանց վրա են բարդում։ Անունը դրել են կրակմարիչի բացակայություն․ հա, որ կրակմարիչ լիներ, կարող է և բան փոխվեր։ Եթե անգամ բան չփոխվեր, այդ կրակմարիչները պետք է լինեին, ու չլինելու մեղավորները պետք է պատասխան տան։ Դա չի հարցը։ Բայց այստեղ այնքան հանգամանքներ կան, որ իրենք աչք են փակել։ Նայում ես տղերքի հետ ծառայած ու ողջ մնացած երեք զինվորների ցուցմունքները՝ մեկը մյուսին հակասում է։ Ամեն ինչ արվում է, որ ծածկադմփոց արվի, գործը փակվի գնա։ Էս խիշնիկները 15 երեխու գլուխ կերան ու չեն փորձում գոնե պատասխան տալ»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը, որը, ըստ պաշտոնական վարկածի, բենզինով վառել է վառարանը, ինչի հետևանքով հրդեհվել է զինվորների կացարանը, ըստ զոհվածի հոր՝ ոչ ադեկվատ վիճակով է «բերվում» նիստերին։ 

«Այդ կապիտանը ոնց որ մեշոկ լինի էնտեղ շպրտած։ Ինքը չի հասկանում՝ ինչ է կատարվում, հայհոյում ես, ոչ մի արձագանք, խփես, ոչ մի արձագանք։ Ինքը չի հասկանում՝ ինչ է կատարվում։ Դոզայի տակ բերում են, տանում, որ ինքը չհասկանա՝ ինչ է կատարվում, որ ինքը չփորձի պաշտպանվել, այլ անուններ տալ»,- ասաց Գաբրիել Կրիակոսյանը։

Նշենք, որ գործով հաջորդ դատական նիստը նախատեսված է դեկտեմբերի 1-ին։

Նարե Գնունի