Այլ ծանրաբեռնվածությունը օբյեկտիվ չէ. Մելիքյանը՝ Մալյանի գործով դատական նիստը հետաձգելու մասին

Նարեկ Մալյանի գործով դատական նիստը, որին պետք է հարցաքննվեին փորձագետները, հետաձգվել է։
MediaHub-ի հետ զրույցում Մալյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ դատական նիստից ընդամենը ժամեր առաջ է տեղեկացել, որ նիստը հետաձգվել է փորձագետների ծանրաբեռնվածության պատճառով։
«Ինչ վերաբերում է պատճառին, չեմ կարող հստակ նշել իրականությանը համապատասխանում է, թե ոչ, միայն կնշեմ, որ տեղյակ եմ տարբեր պրոցեսներից, որ փորձագետները մեկ-երկու անգամ չեն ներկայանում դատական նիստերին։ Սա ամբողջովին նոր ինստիտուտ է և փորձագետների համար ոչ կոմֆորտ իրավիճակ է, հիմա փորձագետները հայտնվել են այսպիսի իրավիճակում, որ ինչ-որ տեղ նրանք ցանկանում են խուսափել դատական պրոցեսին անմիջական ներկա գտնվելուց կամ իսկապես կարող է օբյեկտիվ պատճառ լինել»,- նշեց Մելիքյանը։
Նրա խոսքով՝ ըստ էության, նախորդ նիստին փորձագետների հետ օրը չէր համաձայնեցվել։
«Բայց, մյուս կողմից, որքան էլ ծանրաբեռնվածության մասին խոսենք, այն կարող է լինել օբյեկտիվ միայն այն դեպքում, երբ այսօր երկու փորձագետներն էլ հիմնավորեն, որ եղել են մեկ այլ դատական նիստի, որի մասին, ընդ որում, իմացել են ավելի շուտ, քան այս դատական նիստի մասին, որովհետև այլ ծանրաբեռնվածությունը, կարծում եմ, օբյեկտիվ չէ»,- հավելեց Ռուբեն Մելիքյանը:
Մարիա Զարգարյան