Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (30.01.2024)

1.  Վրաստանի խորհրդարանը ծրագրում է հաջորդ շաբաթ հաստատել կառավարության նոր կազմը։ Նախատեսված է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթը, քանի որ կանոնակարգի համաձայն նրա ելույթը պետք է տեղի ունենա գարնանային նստաշրջանի առաջին օրը։ Այս բոլոր գործընթացները կավարտվեն հաջորդ շաբաթ:
2.  ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում զինադադարի մասին առաջարկ է ստացել, ուսումնասիրում է այն և պատասխան կտա, ասել է շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Ավելի վաղ NBC News-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելը, ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Կատարը Փարիզում պայմանավորվել են Գազայի հատվածում պատանդների փուլային ազատման նոր գործարքի մասով։
3.  Բելգիացի ֆերմերներն առաջիկա օրերին կարող են արգելափակել Բրյուսելը, եթե իշխանությունները նրանց ընդառաջ չգնան: Հունվարի 28-29-ին բելգիացի ֆերմերների բողոքի ցույցերն արդեն հանգեցրել են խցանումների երկրի հարավում: Նրանք հետևել են Ֆրանսիայի և Գերմանիայի իրենց գործընկերների օրինակին, որտեղ նման բողոքի ակցիաները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։  
4.  Նիգերի արևմտյան Թիլաբերի շրջանի գյուղերից մեկի վրա հարձակման հետևանքով առնվազն 22 խաղաղ բնակիչ է զոհվել։ Հարձակվողները ժամանել են 20 մոտոցիկլետներով ու կրակ բացել բնակիչների վրա։ Ենթադրվում է, որ ջիհադիստներ են գործել։