«Գուցե ադրբեջանցիները հորս էլ են խոշտանգել...». 3 ամիս է՝ 83-ամյա Մուսայելյանից լուր չկա

«Գուցե ադրբեջանցիները հորս էլ են խոշտանգել...». 3 ամիս է՝ 83-ամյա Մուսայելյանից լուր չկա

Սեպտեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին, Ասկերանի շրջանի Ներքին Սզնեքի ղեկավարը ափսոսանքով է հիշում։ Մինչ օրս որևէ տեղեկություն չունի հոր՝ 83-ամյա Ռոբերտ Մուսայելյանի մասին։ 
«Մեծ մարդ է, ենթադրում եմ մահացած կլինի, թե ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում, չեմ կարող ասել»,-MediaHub-ին պատմում է Էդվարդ Մուսայելյանը։ 

Այսօր արդեն 3 ամիս է, ինչ Մուսայելյանների ընտանիքը Ռոբերտի մասին լուր չունենալու պատճառով՝ իրենց տեղը չեն գտնում։ Էդվարդը պատերազմը սկսելուն պես աշխարհազորայինների հետ մեկնել է առաջնագիծ։ Հրադադարից հետո, երբ վերադարձել է Ստեփանակերտ, համագյուղացիները պատմել են, որ սզնեքցի մյուս տարեցների հետ անտառով փախչելու ժամանակ, Ռոբերտն այլևս չի կարողացել առաջ գալ ու մնացել է հարևան Խաչմաչ գյուղի անտառներում, մյուսներին հորդորել է իրեն չսպասել, առաջ գնալ, փրկվել։ 

«Երբ սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, փրկարարներն այդ տարածքներում շատ են եղել, անգամ կոորդինատներով մեր տուն են գնացել, բայց չեն գտել։ Այսօր արդեն 3 ամիս է անորոշության մեջ ենք»,- ասում է Ներքին Սզնեքի գյուղապետը։ 

Շրջանի փոքր այս գյուղը սահմանային էր դարձել 2020-ի պատերազմից հետո։ Սեպտեմբերի 19-ի լայնամասշտաբ հարձակման ժամանակ ադրբեջանական զորքը փակել է գյուղը շրջանի մյուս բնակավայրերին ու մայրաքաղաքին կապող ճանապարհը։ Տեղացիները փրկվելու համար այլ ելք չունեին, քան անտառներով, ձորերով փախչելը։

«Գյուղում գտնվող տղամարդկանց հանձնարարել եմ տարհանել մարդկանց, այդ ժամանակ Սզնեքում մոտ 40 քաղաքացիական անձ է եղել, այդ թվում՝ երեխաներ։ Բայց քանի որ հարևան համայնքները ևս շրջափակված են եղել, մարդիկ ստիպված այլընտրանքային ճանապարհ են փնտրել լեռնային ու անտառային տարածքներով, միայն թե հասնեին Ստեփանակերտ»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Հետո համագյուղացի Արտյուշա Միքայելյանի դին գտնվել է Խաչմաչի անտառներում։ Էդվարդ Մուսայելյանն ասում է, որ տարեց մարդու դիակի արտաքին զննությամբ պարանոցի շրջանում խոշտանգման հետքեր են նկատվել՝ սուր կտրող, ծակող գործիքների կիրառմամբ։

«Քաղաքացիական մեկ անձի սպանությունից բացի, ադրբեջանցիները Սզնեքի ու Խաչմաչի անտառներից առևանգել են 2 քաղաքացու՝ Մավրիկին ու Նուրվարդին, որոնք մեկշաբաթյա կտտանքներից հետո վերադարձվել են Կարմիր խաչի միջնորդությամբ, ևս 4 տղամարդ այս պահին Բաքվում են, գերության մեջ»,- ներկայացնում է Մուսայելյանը։

Մուսայելյանների ընտանիքում արդեն չգիտեն` միջազգային ո՞ր կառույցին դիմեն 83-ամյա Ռոբերտ Մուսայելյանի մասին տեղեկություն իմանալու համար։ Էդվարդը ենթադրում է. «Գուցե ադրբեջանցիները հորս էլ են խոշտանգել, չեն ուզում բացահայտվի։ Հանգստության համար նույնիսկ ԴՆԹ թեստ եմ հանձնել, ասել եմ հնարավոր ա և համընկնում լինի...»։

Հունան Թադևոսյան