Ոչինչ հուսադրող չէ, բայց ՀՀ-ում մարդիկ հավատում են, որ «ապագա կա»․ Փաշինյան
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների, Հայաստանում ապագան պլանավորելու և այն կառուցելու համար անհրաժեշտ լավատեսություն կա։
ԱԺ-ում Կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականը ներկայացնելիս Փաշինյանն ասաց, որ մամուլի հրապարակումները նման վստահություն չեն տալիս, հանրային քննարկումներն ու միջազգային իրադրությունը՝ ևս։
«Բայց այս պահին ՀՀ-ում տեղի է ունենում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց։ Սա բնակարանային երբևէ ստեղծված ֆոնդի 6 տոկոսն է։ Երրորդ հանրապետության պատմության մեջ նման բան չի եղել։ Եվ այսօր բնակարան են ձեռք բերում ոչ միայն հարուստները, այլ նաև՝ միջին խավը»,- նշեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ սահմանային անկայունության, ՀՀ անվտանգային խոցելիության պայմաններում ՀՀ հազարավոր քաղաքացիներ բնակարան են ձեռք բերում, հարյուրավոր մարդիկ՝ ներդրումներ անում։
«Քաղաքացիների այդ վարքագիծը ցույց է տալիս՝ մարդիկ հավատում են խաղաղության օրակարգին։ Այլապես իմաստ չէր ունենա բնակարան ձեռք բերելը։ Մարդիկ հավատում են «ապագա կա՛» կարգախոսին»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։