Բացառում եմ, որ տանս վրա ՔՊ-ական կրակած լինի․ ՔՊ-ից «վտարված» Թաթուլ Ասիլյան

Չգիտեմ՝ ով է կրակել տանս վրա, ուղղակի եկել կրակել են, վեճ չի եղել։ Բացառում եմ, որ կարող էին իմ նախկին թիմակիցները լինել։ Իմ՝ ՔՊ-ից դուրս գալը որևէ կերպ չի կարող կապ ունենալ այդ միջադեպի հետ։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ից «վտարված» Թաթուլ Ասիլյանը՝ խոսելով հունվարի 14-ին, կեսգիշերն անց իր տան ուղղությամբ կրակելու միջադեպի մասին։
«ՔՊ-ից դուրս գալով այնպես չէ, որ ես դադարել եմ ՔՊ-ական լինել, ես ամեն պարագայում էլ վարչապետի կողքին եմ»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Ասիլյանի անունը կապվում էր նաև կոռուպցիոն պատմությունների հետ, վերջինս նշեց, որ նման բան չկա։
«Վատը մտածողները միշտ կարող են նման պատմություններ պատմեն, բայց որևէ կոռուպցիոն գործողության մեջ ես չկամ, ոչ մեկին չեմ գցել, ինչ գցելու մասին ա խոսքը։ Սա որ թիվն ա, որ մարդ ուրիշին գցի։ Ինձ ՔՊ-ից ստատուսի պատճառով են հանել, որ արցախցիների մասին էի գրել ու հիմնական պատճառը սա էր։ Ինչ վերաբերում է կոռուպցիոն պատմություններին՝ որևէ կապ չունի իրականության հետ»,- նշեց Ասիլյանը։
Նա փոխանցեց, որ այդքան էլ հետաքրքրված չէ միջադեպով, թողնում է, որ իրավապահ մարմինները զբաղվեն։
Հիշեցնենք, հունվարի 14-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իրենց տան ուղղությամբ կրակում են:
Դեպքի վայր՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղ օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ անհայտ անձը ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերոհիշյալ տան դարպասի ուղղությամբ՝ պատճառելով գույքային վնաս: ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Կոտայքի և Հրազդանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ երեք երիտասարդներ, որոնցից երկուսը՝ Ուջան գյուղի, մեկը՝ Երևանի բնակիչ, գումարային հարցերի շուրջ պարզաբանումների նպատակով, նրանցից մեկի «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով, գնացել են Քասախ և անհարգալից վերաբերմունք դրսևորել տան բնակիչների նկատմամբ, այնուհետև ուջանցի 33-ամյա երիտասարդը ինքնաձիգից կրակոցներ է արձակել դարպասի ուղղությամբ՝ վնասելով այն:
33-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ խուլիգանության մյուս մասնակիցներին և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:
Լիաննա Թորոսյան