Հայաստանում ՔՊ-ի կառավարման վերջնարդյունքը հանգեցնելու է Արցախի ամբողջական կորստին

Հայաստանում ՔՊ-ի կառավարման վերջնարդյունքը հանգեցնելու է Արցախի ամբողջական կորստին

Ե՛վ հրապարակավ, և՛ միջազգային ձևաչափերում, և՛ ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում հայկական կողմը բարձրագույն մակարդակով բազմիցս հայտարարել է, որ մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգին և որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չենք համարում, բնականաբար, այդ առաջարկներն ամբողջացնելով մեր պատկերացումներով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Խաղաղության օրակարգի» ջատագով Միրզոյանն ու մյուս ՔՊ-ականները չեն ցանկանում բարձրաձայնել այն ռիսկերի մասին, որոնք առաջանում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու դեպքում: ՔՊ-ն փորձում է ՀՀ քաղաքացիներին ապացուցել, որ խաղաղության դիմաց ՀՀ-ն ու Արցախը ոչինչ չեն զիջելու, սակայն Բաքվում և Անկարայում այդպես չեն կարծում: 

Ադրբեջանը ցանկանում է ողջ Արցախն ու Սյունիքը՝ միջանցքի կամ այլ հողային զիջումների տեսքով, իսկ Թուրքիան՝ Երևանից պահանջում է ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, պահանջատիրությունից, ինչի դիմաց պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանն ու սկսել հայկական թույլ տնտեսության կլանման ծրագիրը:

Եթե Ադրբեջանն իրոք ցանկանար խաղաղություն, ապա չէր շարունակի միլիարդավոր դոլարներ ծախսել բանակի վրա, եթե ղարաբաղյան հարցը կարգավորվել է և ՀՀ-ի հետ շուտով խաղաղություն է հաստատվելու, ապա ու՞մ դեմ է զինվում Ադրբեջանը: ՔՊ-ականների «խաղաղասիրական» դիվանագիտությունը Բաքվում և Անկարայում ընկալվում է որպես թուլության նշան, ինչն անընդունելի է հայկական պետական, ազգային շահերի համար:

ՔՊ-ն, որպես պատերազմում պարտված, կապիտուլյացիա ստորագրած թիմ, պետք է հրաժարական տա, քանի որ արտաքին ճակատում գրանցում է միայն պարտություններ և զիջումներ:

ՀՀ գործող իշխանությունների կողմից երկրի կառավար շարունակականության դեպքում Արցախի վերջնական կորուստն անխուսափելի է։

Վահրամ Բագրատյան