Սարգիս Խանդանյանը հաստատեց՝ իր թեկնածությունն են առաջադրելու

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց իր թեկնածությունը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին:
Խանդանյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ խմբակցությունն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա տասը օրերին:
Խանդանյանն այս պահին նույն հանձնաժողովի անդամ է: Նրա՝ նախագահի պաշտոնին առաջադրվելու հարցը ՔՊ-ականները սկսեցին քննարկել այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հրաժարականի դիմում ներկայացրեց:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի շուրջ ստեղծված խժդժությունների ֆոնին, մամուլը գրել էր, որ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է․
«Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը»։
Հանձնաժողովի նախագահի տեղակալը ՔՊ-ի շարքերը համալրած ՄԱԿ կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանն է, ուստի հանձնաժողովը նախագահի պարտականությունները կդնի մեկ այլ անդամի՝ Սարգիս Խանդանյանի վրա։ ՔՊ-ում չեն բացառում, որ մոտ ապագայում Աղաջանյանը կհրաժարվի նաև մանդատից. նա նեղ միջավայրում անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, ուզում է գլուխը րոպե առաջ ազատել ու գնալ դեսպան՝ եվրոպական որևէ երկիր։
Ասում են՝ նրա երազանքի երկիրը Ֆրանսիան է, որտեղ սովորել է, և որտեղ նրա ընտանիքը սեփականություն ունի, սակայն այս երազանքը վերևից դեռ հավանության չի արժանացել»։
Լիա Սարգսյան