Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 800 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1,4 հազարը

Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 800 մարդ, ավելի քան 1,4 հազար մարդ վիրավորվել է. այդ մասին հունիսի 23-ին հայտարարել է Աֆղանստանում հումանիտար հարցերով ՄԱԿ-ի համակարգող Ռամիզ Ալաքբարովը։
«Վերջին տեղեկությունների համաձայն՝ հաստատվել է, որ մոտ 800 մարդ զոհվել է, ավելի քան 1400-ը վիրավորվել են, նրանցից շատերը ծանր վիճակում են, մի քանի հազար տներ են ավերվել և վնասվել», - ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Ալաքբարովը նշել է, որ փրկարարական գործողությունները շարունակվում են։ Նրա խոսքերով՝ կանխատեսվում է, որ զոհերի թիվը կավելանա։
Աֆղանստանի արևելյան Պակտիկա և Խոստ նահանգներում հունիսի 22-ի գիշերը ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խոստ քաղաքից 44 կմ հեռավորության վրա։