Փորձաքննություն չանցած վարդերից ռուս սահմանապահները փնջեր են սարքել․ վարորդները «քոռ-փոշման» վերադառնում են  

Փորձաքննություն չանցած վարդերից ռուս սահմանապահները փնջեր են սարքել․ վարորդները «քոռ-փոշման» վերադառնում են  

Նոյեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Վերին Լարս անցակետը փակվել է բեռնատարների համար: Պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են, սակայն հետո դրան գումարվեց նաև քաղաքական կոնտեքստը, երբ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի ժամանակ մի շարք հակառուսական հայտարարություններ արեց:

Դրանից հետո իրավիճակը էլ ավելի լարվեց, շատ բեռնատարներ ՌԴ-ն հետ է ուղարկում Հայաստան՝ իբրև թե տեղափոխվող ապրանքի ֆիտոսանիտարական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ:

Բայց մինչ հայկական արտադրության ապրանք Ռուսաստան տեղափոխող վարորդները և գործարարները, որոնք միլիոնների վնաս են կրում, մտածում են, թե ինչ անեն, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրինակ, հայտարարում է, որ 
«որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի»։ 

Ինչպես հայտնի է՝ բառերը մի բան է, իրականությունը՝ այլ: Հայկական բեռնատարների վարորդները շարունակում են վերադառնալ «քոռ-փոշման» Հայաստան։

MediaHub-ը կապ հաստատեց վարորդների հետ, որոնցից մեկը վերադառնում է Հայաստան, իսկ մյուսը արդեն ՌԴ տարածքում է: 

«4 տոննա վարդ եմ բերել, ոնց որ նոր քաղած։ Վարդերս տվեցի Լարսում լաբորատորիա՝ փորձաքննության։ Թարմ վարդը տվեցի, իսկ ստացա չորացած վարդ։ Բայց հենց գնացի վարդերի փորձաքննության արդյունքները վերցնելու տեսա, որ ռուս սահմանապահները վարդերից փնջեր էին սարքել և երևի պատրաստվում էին տանել տուն, չգիտեմ։ Թե այդ որդերն ո՞ւր կորան փորձաքննության արդյունքներից հետո՝ պարզ չի»,- պատմեց վերադարձող վարորդը։ 

Իսկ մյուսը, ում մուտքը Ռուսաստան թույլատրել են, բացատրեց, թե ինչպես է այդպես ստացվել: Պարզվում է, ապրանքը Վրաստանից է և հենց այդ պատճառով էլ նրան թողել են, որ անցնի Լարսի անցակետը: Ասաց, որ հայկական ապրանքով մինչ այդ նրան արգելել էին: 

Երկուսն էլ պնդում են նույն․ ռուս սահմանապահները չեն թաքցնում, որ խնդիրը քաղաքական է, և հիմա էլ սպասում են հասկանան՝ Փաշինյանը կգնա՞ Սանկտ Պետերբուրգ դեկտեմբերի վերջին մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին, թե հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը էլ ավելի կխորանա: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեր զրուցակից վարորդներից մեկի խոսքով, շաբաթ օրվանից Լարսն անցել են միայն այն բեռանատարները, որոնք տրանզիտ գնում էին Բելառուս։

Ըստ տարբեր տեղեկությունների` Լարսում մնացած հայկական բեռնատարների թիվը 2-3 հազար է:

Մարիաննա Արամյան