Արցախի Բռի Եղցի վանական համալիրի տարածքը մաքրելու ընթացքում բացահայտվել են մեկ խաչքար ու մեկ տապանաքար

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, հուլիսի 21-ին Արցախի հնագույն պատմամշակութային վայրերից մեկում՝ Բռի Եղցի վանական համալիրում, իրականացվել են մաքրապատման աշխատանքներ։ Աշխատանքների մասին պատմում է ՀԱՍԵ
Արցախի թեմի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ օրհնաբեր այս գործողությունը ի կատար է ածվել Արցախի թեմի, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Արցախի թեմի երիտասարդաց միության անդամների համատեղ ջանքերով և Տիկին Վիրջինիա Դևիսի ու SAVE ARMENIAN MONUMENTS (SAM) կազմակերպության հովանավորությամբ։ Աշխատանքը իրականացվել է արժանապատիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցի կազմակերպմամբ ու ներկայությամբ։ Իրենց աջակցությունն ու ներկայությունն են ապահովել նաև Հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեշնորհ սարկավագները։ Մշտապես Արցախի կողքին կանգնած հարգարժան դոկտոր Մարինե Մխիթարյան-Լազարիդուն թե՛ կազմակերպչական, և թե՛ աջակցության առումով նույնպես մասնակիցն են դարձել այս սուրբ գործին։ Մաքրապատմանը միացել են նաև Հացի գյուղի երիտասարդները՝ գյուղապետի գլխավորությամբ, ովքեր իրենց ակտիվ մասնակցությամբ մեծապես նպաստել են աշխատանքներին։ Հոգևորականաց դասի առաջնորդությամբ՝ ներկաները աղոթքով սկսել են բարեկարգման աշխատանքները։
Վանական համալիրի տարածքը բուսածածկույթից ու հողածածկույթից մաքրելու ընթացքում բացահայտվել է մեկ խաչքար ու մեկ տապանաքար՝ իրենց արձանագրություններով։